Ռուսաստանի պաշտպանության նախարարություն որոշել է «Սոսնա» (ռուս․՝ «Сосна») զենիթահրթիռային համակարգեր գնել։ «Սոսնա» զենիթահրթիռային համալիրները ռուսական բանակում փոխարինելու են «Ստրելա–10» ԶՀՀ-ներին։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով «Գերճշգրիտ համալիրներ» հոլդինգին։ Գործակալության աղբյուրի խոսքերով՝ համալիրի վերջնական տեսքն ու շասսին կախված կլինեն պատվիրատուից։ Նշենք, որ հունիսի 25–ին մեկնարկող «Բանակ–2019» ռազմատեխնիկական միջազգային ֆորումի ընթացքում «Սոսնան» ներկայանալու է ԲՄՊ–3–ի շասսի վրա։
ԶՀՀ–ն արտադրող «Ճշգրիտ մեքենաշինական կոնստրուկտորային բյուրոյի» տնօրեն Վալերի Մակեևը ապրիլին հայտնել էր, որ համալիրը անցել է պետական փորձարկումներն ու տարվում են աշխատանքներ բանակի սպառազինությունը համալրելու համար։
«Սոսնա»–ի գործարանային փորձարկումները սկսվել էին 2014 թվականին, և այն ժամանակ հայտարարվում էր, որ նույն տարում նախատսվում է ավարտել փորձարկումները։ Այն նախորդ տարի՝ «Բանակ–2018» ֆորումի ժամանակ ներկայացվել էր թեթև զրահապատ քարշակի (ռուս․՝ МТЛБ) շասսի վրա։
ՀՕՊ «Սոսնա» զենիթահրթիռային համալիրը նախատեսված է մինչև 10 կմ հեռավորության և 5 կմ բարձրության վրա գտնվող օդային թիրախներ խոցելու համար։ Հագեցած է 12 միավոր «Սոսնա–Ռ» կառավարվող հրթիռներով, որոնք վերալիցքավորվում են 10 րոպեում։