Ռուսական բանակը համալրվել է առաջին Մի–28ՆՄ–ներով

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը պաշտպանության նախարարությանն է փոխանցել 2 միավոր Մի–28ՆՄ հարվածային ուղղաթիռներ։ Սա պատվիրված ուղղաթիռների առաջին խմբաքանակն է։

Այս մասին ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկին՝ հավելելով, որ պաշտպանության նախարարությունը ևս 6 միավոր Մի–28ՆՄ ուղղաթիռ կստանա 2020 թվականին։

Մի–28ՆՄ–երի գնի շուրջ Ռուսատանի ՊՆ ու ուղղաթիռային հոլդինգը երկար բանակցում էին, քանի որ ՊՆ–ի կարծիքով ուղղաթիռների գինը շատ բարձր է։ Բանակցությունների ավարտի մասին մարտին հայտնեց պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, հայտարարելով, որ Ռուսաստանը կգնի 6 կամ 18 միավորից կազմված խմբաքանակ։

Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ մինչև 2027 թվականը Ռուսաստանը մտադիր է գնել 98 միավոր Մի–28ՆՄ ուղղաթիռներ, ինչին էլ նախորդել էր ՌԴ նախագահի հայտարարությունը մայիսին Մի–28ՆՄ–եր գնելու անհրաժեշտության մասին։

Մի–28ՆՄ ուղղաթիռ
Մի–28ՆՄ ուղղաթիռ

Մի–28ՆՄ–ը Սիրիայում մարտական փորձ ձեռք բերած հարվածային ուղղաթիռ է։ Հագեցած է 30 մմ տրամաչափի 2А42 թնդանոթով, հակատանկային կառավարվող «Շտուրմ» հրթիռներով և ունի հնարավորություն կրելու այլ թնդանոթներ կամ գնդացիրներ, ինչպես նաև՝ «օդ–օդ» տեսակի հրթիռներ։ Հիմնական նշանակությունը հակառակորդի կենդանի ուժի ու ծանր զրահատեխնիկայի ոչնչացումն է։

Հետաքրքրաշարժ է նաև, որ ըստ «Իզվեստիա» թերթի տվյալների պաշտպանական գերատեսչությունը հանձնարարել է Մի–28ՆՄ և Կա–52Մ հարվածային ուղղաթիռների հիմնական մասերը նույնականացնել։ Մասնավորապես նշվում է, որ շարժիչների, կապի միջոցների, պաշտպանական համակարգի նույնականացումը կնպաստի ուղղաթիռների գինը ավելի մատճելի դարձնելուն, ինչպես նաև կնպաստի ուղղթիռների սպասարկումը ավելի հեշտ դառնալուն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *