Թրամփը սպառնում և բանակցություններ է առաջարկում Իրանին. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ երկրի՝ Օմանի միջոցով, իրանական կողմին հայտնել է, որ «Իրանին հարվածելը անխուսափելի է, բայց ինքը դեմ է պատերազմին և ցանկանում է մի շարք հարցերի շուրջ բանակցություններ»:

Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել է Իրանից իրենց պաշտոնական աղբյուրը, ով ցանկացել է գաղտնի մնալ:

Այս տեղեկությանը նախորդել էր The New York Times-ի հրապարակումը, ըստ որի՝ Թրամփի հրամանով որոշվել էր հարվածներ հասցնել Իրանի ՀՕՊ մարտկոցներին և ռադարներին, սակայն հարվածները չեղարկվել են գործողության սկզբնական փուլում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 20-ին Հորմուզի նեղուցում Իրանը խոցել էր ԱՄՆ-ի ռազմավարական RQ-4 հետախուզական ԱԹՍ-ն: Միջադեպի մասին կողմերը տարբեր պնդումներ են անում:

Իրանական կողմը պնդում է, որ ԱԹՍ-ն ներխուժել էր Իրանի օդային տարածք և հենց իրենց օդային տարածքում էլ խոցել են: Արտգործնախարար
Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերում հրապարակել է ԱԹՍ-ի թռիչքի ճանապարհը և կոորդինատներ, որտեղ էլ, ըստ իրենց, խոցվել է ԱԹՍ-ն:

Ամերիկյան կողմն էլ պնդում է հակառակը, որ իրենց ԱԹՍ-ն չի եղել Իրանի օդային տարածքում, այլ խոցվել է միջազգային օդային հատվածում: ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը, որը պատասխանատու է մերձավորարևելյան տարածաշրջանի համար ևս համանման հրապարակում է արել՝ սակայն պնդելով, որ ԱԹՍ-ն խոցվելիս չի եղել Իրանի օդային տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *