«Լուրջ վերաբերվեք ձեր տեխնիկային, այն կյանքեր է փրկելու»․ տանկիստ Հովհաննիսյան

«Իմ լավագույն տանկիստը Հովիկն է, շատ լավ տիրապետում է տանկին, ցանկացած թերության դեպքում ինքնուրույն վերացնում է, մնացածները անընդհատ զեկուցում են՝ թերություն-թերություն»․ իմ խնդրանքով՝ իր լավագույն տանկիստին է ներկայացնում տանկային զորամասի հրամանատարը ու կանչում նրան.

«Եղել են դեպքեր դաշտում, որ տանկին ինչ-որ բան է եղել, տղաները դաշտում են մնացել, դե սկզբից չեն տիրապետում տեխնիկային։ Հովիկը շուտ նայում էր, կռահում՝ ինչ եմ անում ու սկսում ինձ օգնել»։

–Հովիկ, սերժա՞նտ ես։

–Այո։

–Ոչ, ինքը տեղյակ չի, որ արդեն ավագ սերժանտ է,- միջամտում է փոխգնդապետը։

Տանկիստ Հովհաննես Հովհաննիսյան. լուսանկարի հեղինակ՝ Գայանե Ենոքյան
Տանկիստ Հովհաննես Հովհաննիսյան. լուսանկարի հեղինակ՝ Գայանե Ենոքյան

Ավագ սերժանտ Հովիկ Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզից է, մի ամսից զորացրվելու է։ Ծառայության ամենասկզբում երբ իմացել է, որ տանկիստ է լինելու, խնդրել է՝ իրեն հրամանատար նշանակեն։

«Հրամանատարը ամեն ինչի համար պատասխանատու է, պետք եղավ հա՛մ մեխանիկ է, հա՛մ նավոդչիկ, հա՛մ էլ հրամանատար։ Ընդհանուր տեխնիկան ղեկավարում է մենակ հրամանատարը։ Ամեն ինչից պարտավոր է հասկանալ»։

Հիմա արդեն ոչ թե մեկ տանկի հրամանատար է, այլ միանգամից երեք։ Տանկային դասակի հրամանատարի տեղակալ է նշանակվել: Ասում է՝ շատ կարևոր է, որ անձնակազմը իրար հասկանա, այդպես ավելի հեշտ է լինում տեխնիկայի հետ աշխատանքը։

Վարժանքների ժամանակ շատ են կրակել, բայց առաջին անգամը հիշվող է.

«Մեկ տարի առաջ էր, էդ օրը չես կարող մոռանալ, որովհետև մի ուրիշ զգացողություն է, երբ տանկը կրակում է։ Առաջին անգամ դու տանկի մեջ ես, ու տանկի անձնակազմը սպասում է քո հրահանգին։ Նավոդչիկս խփեց նշանակակետին, գերազանց ստացանք»,— հիշում է ավագ սերժանտը։

Մի քանի ամիս առաջ զորավարժության ժամանակ ցույց է տվել իրեն ու ենթադրում է, որ հենց այդ ժամանակ է արժանացել փոխգնդապետի համակրանքին։

«Մի ամիս առաջ էլ՝ վերջին կրակային վարժանքների ժամանակ, տանկերից մի երկուսը չէին կրակում, ինչ-որ խափանում էր եղել։ Չնայած իմ ենթակայության տակ չէին տանկերը, պարոն փոխգնդապետի հրամանով՝ 15-20 րոպեում նորոգեցի։ Սովորաբար էդ թերությունների վերացումը ավելի շատ ժամանակ է պահանջում։ Գիտե՞ք՝ տանկի չլուծվող խնդիր չկա, ինչ ուզում է լինի հաստատ լուծվելու է տեղում»։

Զորամասի հրամանատարությունը զինծառայողին առաջարկել է շարունակել ծառայությունը զորքերում՝ սկզբից որպես դասակի հրամանատար, ապա որպես վաշտի հրամանատարի տեխնիկական մասով տեղակալ. «Մտածում եմ էդ ուղղությամբ։ Ծնողներիս չեմ ասել։ Չգիտեմ ոնց կարձագանքեն»։

Զորամասի հրամանատարը ասում է՝ ամենալավ տանկիստի պաշտոնին հավակնողներ կան, բայց քանի որ Հովիկին փոխարինելը բարդ է լինելու, փնտրելու են նաև նոր համալրող տանկիստների մեջ, որոնց էլ Հովիկը խորհուրդ է տալիս․

—Լուրջ վերաբերվեք ձեր տեխնիկային։ Այն ձեր ու ուրիշների կյանքերն է փրկելու։

Լուսանկարը՝ Գայանե Ենոքյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *