Հունիսի 25–ին Թուրքիայի ազգային մեծ ժողովը 335 կողմ ձայնով ընդունել է զինծառայության նոր համակարգի մասին օրենքի նախագիծը, այնուհետև այն հաստատել է նախագահ Ռ․Թ․ Էրդողանը։ Այն բաղկացած է 13 մասից և 65 կետից։
Նոր օրենքով՝ պարտադիր զինծառայության ժամկետը նախկին 12 ամսից կրճատվել է մինչև 6 ամիս, ըստ այդմ՝ ներկայումս մոտ 100 հզ զինծառայող վաղաժամ կզորացրվի։
Թուրքիայում, կախված բնակչության թվի շատությունից, պարտադիր զինծառայության զորակոչն իրականացվում է երկրի քաղաքացի յուրաքանչյուր տղայի 20 ամյակը լրանալու տարվա հունվարի 1-ից մինչև 41 տարեկանը լրանալու տարվա հունվարի 1-ը։
Օրենքի մյուս կետերով․
- Միջնակարգ կրթություն ունեցողների համար նախկինում սահմանված 6–ամսյա պարտադիր զինծառայությանը (1 ամիս կրթական ծրագիր ու 5 ամիս զինծառայություն) կավելանա հավելյալ 6 ամիս՝ ծառայողների ցանկությամբ։ Եթե առաջին վեց ամիս ավարտածները ցանկանան ծառայել նաև երկրորդ վեց ամիսը, ապա դրա համար կստանան աշխատավարձ։
- Բուհ ավարտածների համար նախկինում ըստ անհրաժեշտության նախատեսված թվաքանակով գործող 12–ամսյա «պահեստազորի սպայական» ծառայությունը կշարունակի լինել, իսկ արդեն մասնագիտական ուսումնարաններ կամ դպրոցներ ավարտածների համար կկիրառվի նոր՝ 12–ամսյա «պահեստազորի ենթասպայական» ծառայություն։ Պահեստազորի սպայական ու ենթասպայական ծառայությունների 12 ամսից երկուսը կլինի կրթական ու դրա համար կվճարվի X գումար, իսկ զինծառայության մնացած 10 ամիսների համար կսահմանվի աշխատավարձ։
- Մշտական կդառնա «վճար ծառայության դիմաց» ծրագիրը։ Այն
նախատեսված է 20 տարեկանը լրացած Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում։ Զինծառայությունից ազատվելու համար դիմորդները պետք է միանվագ վճարեն 31 հզ թուրքական լիրա (մոտ 5450 դոլար՝ հուլիսի 1-ի արտարժույթով)։ Ծրագրի դիմորդների քանակը սահմանափակ է։ Նրանք, ովքեր կդառնան ծրագրի մասնակից մեկ ամիս (21 օր) կանցնեն զինվորական հիմնական կրթություն և կզորացրվեն։
Նշենք, որ նախկինում գործող զինծառայության համակարգը փոխվել էր 2013թ. հոկտեմբերի որոշմամբ, իսկ գործածության մեջ մտել 2014թ. հունվարի 1–ից։ Այն ժամանակ պարտադիր զինծառայության 15 ամիսը կրճատվել էր 12–ի։