Ռուսաստանի Պետդուման այսօր՝ հունիսի 18–ին ընդունել է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրից դուրս գալու օրինագիծը։ Մինչև Պետդումայի հաստատումը, օրինագիծը հավանության է արժանացել պետդումային պրոֆիլային հանձնաժողովում, արտաքին հարաբերությունների, պաշտպանական և անվտանգության հանձնաժողովներում։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հավելելով, որ ՌԴ նախագահն իրավունք ունի վերականգնելու պայմանագրին անդամակցությունը։
Հիշեցնենք, որ օրինագիծը Պետդումայի քննարկամանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսկ ավելի վաղ՝ 2019 թվականի մարտի 4–ին Պուտինը ստորագրել էր պայմանագիրը դադարեցնելու որոշում։
«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, և ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, ինչպես նաև 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։
Կողմերը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար։ Այդպիսի վերջին մեղադրանքը հունվարին էր, երբ Ռուսաստանը ներկայացրել էր «Իսկանդեր–Մ» համակարգի նոր թևավոր հրթիռ ու արձակման կայան։
1991-ի հունիսին պայմանագրի կետերը կատարվել էին և Խորհրդային Միությունը ոչնչացրել էր 1846, իսկ Միացյալ Նահանգները՝ 846 հրթիռային համակարգ։