Ս–400-ները Թուրքիա կմատակարարվեն հուլիսի առաջին կեսին. Էրդողան

Թուրքիան չի հրաժարվելու ռուսական Ս–400 զենիթահրթիռային համակարգերից, դրանք կմատակարարվեն հուլիսի առաջին կեսին։

Այս մասին հունիսի 16–ին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է թուրքական «ՆՏՎ» հեռուստաալիքի կայքը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այժմ աշխատում է ԱՄՆ–ին պատասխան նամակի վրա, այն, հավանաբար, կուղարկեն այս շաբաթ։

Ինչ վերաբերում է F–35-երին, որոնք ԱՄՆ–ն սպառնում է չուղարկել՝ ռուսական համակարգերի գնման համար, Էրդողանն ասել է, որ ամերիկյան կողմը ոչ ճիշտ քայլ է անում.

«F–35-երի հարցում էլ կարծիքս նույնն է։ Մենք մեր բոլոր պարտականությունները կատարել ենք։ Մեր վճարները հատ–հատ անում ենք։ Մինչ այժմ 1 մլրդ 250 մլն դոլար վճարել ենք։ Եթե մենք մեր պարտականություններն անում ենք, ապա դիմացինը ևս պետք է անի։ … Ինչ վերաբերում է ինքնաթիռների մատակարարմանն, ապա այս հարցում մեր հանդեպ սխալ են վարվում։ … »,– հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Պատրիկ Շանահանը հունիսի 8-ին նամակ էր գրել Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին, որտեղ ասում էր, որ թուրք օդաչուների մարզումներն ԱՄՆ–ում ավարտվելու են մինչև հուլիսի 31–ը և ամերիկյան կողմը չի պատրաստվում դասընթացների նոր փուլ սկսել։ Արդեն հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում թուրք օդաչուների մարզումները դադարեցվել են։

Բացի այդ՝ Շանահանը գրում էր, որ Անկարան չի մասնակցելու F–35 կործանիչների ծրագրի Գլխավոր գործադիր տնօրենի կլոր սեղանին, իսկ ծրագրի աշխատանքներում նախատեսված փոփոխությունները լինելու են առանց Թուրքիայի մասնակցության։

Հունիսի 13–ին պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ կողմերը նաև քննարկել էին հունիսին Բրյուսելում սպասվելիք իրենց հանդիպումը։

Հավելենք, որ Ս–400-ների հարցը քննարկելու են նաև ԱՄՆ և Թուրքիա նախագահներ Թրամփն ու Էրդողանը։ Հանդիպումը նախատեսվում է հունիսի 28-29-ին Ճապոնիայում՝ G20 գագաթաժողովի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *