Ռուսաստանը շուրջ 6 միլարդ դոլարի ավիացիոն միջոց է արտահանել 2018 թվականին

Ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպոր» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ 2018 թվականին կատարած զենքի արտահանումից ստացված եկամտից շուրջ 6 միալրդ դոլարը կազմել է ուղղաթիռների, ինքնաթիռների, ինքնաթիռների շարժիչների, ԱԹՍ–ների և այլ ավիացիոն սպասարկման միջոցների վաճառքից։

Այս մասին հայտնում է «Ռոսօբորոնէքսպորտի» պաշտոնական կայքը։

Միխեևը այս մասին հայտնել է Փարիզի «Լե–Բուրժե» ավիացուցահանդեսի ընթացքում, որտեղ ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ», «Ռուսաստանի ուղղաթիռներ», «Միացյալ ավիաշինական ընկերություն» և «Միացյալ շարժիչաշինական ընկերություն» կազմակերպությունները ցուցադրել են շուրջ 250 տեսակի արտադրանք, այդ թվում՝ Սու–35, Սու–35ՍՄԷ կործանիչներ, ԱԹՍ–ներ, Յակ–130 ուսումնամարտական ինքնաթիռ և այլ զինտեխնիկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018–ին Ռուսաստանը Չինաստանին էր փոխանցել 10 միավոր Սու–35 կործանիչներ, Անգոլային՝ 6 միավոր Սու–30ՆԿ, Ղազախստանին՝ 4 միավոր Սու–30ՍՄ, Մյանմային և Լաոսին՝ համապատասխանաբար 6 և 4 միավոր Յակ–130 ուսումնամարտական ինքնաթիռ։

Ինչպես նաև 2018 թվականի ընթացքում Ղազախստանն ու Պակիստանը՝ 4, իսկ Նիգերիան 2 միավոր Մի–35Մ հարվածային ուղղաթիռ էին ստացել Ռուսաստանից և ևս 2 միավոր Կա–32 ուղղաթիռ ստացել էր Թաիլանդը։

2018 թվականին Ռուսաստանի կատարած զենքի արտահանումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս հոդվածում։

Փարիզում այսօր մեկնարկած ավիացուցահանդեսի ընթացքում «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության ղեկավար Անդրեյ Բոգինսկին հայտնել է, որ ընկերությունը Չինաստանի հետ ունի 20 միավոր «Անսատ» ուղղաթիռների գնման պայմանագիր։

Հավելենք, որ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանը մոտ 13,4 միլիարդ դոլարի զենքի արտահանում է իրականացրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *