Լեհաստանում կլինեն 6 կետեր, որտեղ կտեղակայվեն ԱՄՆ ռազմաբազայի զինծառայողները։ Այս մասին հունիսի 17–ին հայտնել է Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը։
Նախարարի հետ հարցազրույցը փոխանցում է լեհական հանրային ռադիոյի կայքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Անջեյ Դուդան և Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմազա տեղակայելու մասին։ Նախատեսվում է, որ ռազմաբազան կունենա շուրջ 1000 անձնակազմ, ովքերԼեհաստան կտեղափոխվեն Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից: Այդ բազան կունենա MQ-9 Reaper ԱԹՍ–ների էսկադրիլա։
Ռազմաբազան տեղակայելու համար Լեհաստանը ԱՄՆ–ին առաջարկում էր 2 միլիարդ դոլար, ինչը, ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Քեթրին Ուելբերգերի, «շատ առատաձեռն» առաջարկ էր։ Այժմ ընթացող բանակցություններից դեռևս պարզ չէ, թե Լեհաստանը ինչքան կվճարի ԱՄՆ–ին։
Ներկայումս Լեհաստանում ամերիկյան զորքերի թիվը կայուն չէ։ Տարեկան միջինը Լեհաստանում է լինում 4500 ամերիկյան զինվորական։ Նրանց մի մասը մտնում է Սուվալյան միջանցքում ԱՄՆ գլխավորած բազմազգ 1000 հոգանոց խմբի, մյուսը՝ գերմանական սահմանի մոտ գտնվող ամերիկյան բրիգադի մեջ։
Նշենք նաև, որ Լեհաստանը ԱՄՆ–ից գնելու է 32 միավոր F-35A կործանիչներ, որոնք կփոխարինեն լեհական ավիապարկում գտնվող ՄիԳ–29 և Սու–22Մ4 կործանիչներին։