Թուրքիայի ՊՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ՊՆ տեղակալի հետ

Հունիսի 13–ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Պատրիկ Շանահանի հետ հեռախոսազրույցում քննարկել է ամերիկյան F–35 կործանիչների ու ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերի խնդիրը։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Շանահանի վերջին նամակը թուրք գործընկերոջը, որտեղ գրված էր, որ ամերիկյան կողմը ստիպված է լինելու Թուրքիային հեռացնել F–35-երի ծրագրից, եթե ռուսական Ս–400-ները մատակարարվեն Թուրքիա։

Կողմերը նաև քննարկել են հունիսին Բրյուսելում սպասվելիք իրենց հանդիպումը։

Նշենք, որ Պատրիկ Շանահանի նամակը հրապարակվել է հունիսի 8–ին։ Նա գրում էր, որ թուրք օդաչուների մարզումներն ԱՄՆ–ում ավարտվելու են մինչև հուլիսի 31–ը և ամերիկյան կողմը չի պատրաստվում դասընթացների նոր փուլ սկսել։

Արդեն հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում թուրք օդաչուների մարզումները դադարեցվել են։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկն, ում անունը չէր նշվում, միջազգային «Ռոյթերս» գործակալությանը հայտնել էր, որ Լյուկ ավիաբազայի հրամանատարը, ելնելով անտանգության նկատառումներից, որոշել է դադարեցնել օդաչուների և տեխսպասարկման անձնակազմի մարզումները։

Բացի այդ՝ Շանահանը գրում էր, որ Անկարան չի մասնակցելու F–35 կործանիչների ծրագրի Գլխավոր գործադիր տնօրենի կլոր սեղանին, իսկ ծրագրի աշխատանքներում նախատեսված փոփոխությունները լինելու են առանց Թուրքիայի մասնակցության։

Հավելենք, որ Ս–400-ների հարցը քննարկելու են նաև ԱՄՆ և Թուրքիա նախագահներ Թրամփն ու Էրդողանը։ Հանդիպումը նախատեսվում է հունիսի 28-29-ին Ճապոնիայում՝ G20 գագաթաժողովի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *