Լեհաստանը մոտ է իր տարածքում ԱՄՆ մշտական ռազմաբազա տեղակայելուն

ԱՄՆ–ն մշտական ռազմաբազա տեղակայելու համար Լեհաստան կուղարկի ևս 1000 զինծառայող։ Զինծառայողները Լեհաստան կտեղափոխվեն Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից, որտեղ նրանց ընդհանուր թիվը մոտ 52 հազար է և զինված կլինեն ԱԹՍ–ներով ու այլ զինտեխնիկայով։

Այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է BBC–ն։ Հանդիպման ժամանակ երկու նախագահները անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել։

Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազա տեղակայելու հարցը քննարկելու համար 2019 թվականի մարտին Վարշավա էր մեկնել ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռութը։ Լեհաստանը առաջարկում էր մշտական ռազմաբազայի համար վճարել 2 միլիարդ դոլար, ինչը, ամերիկյան կողմի կարծիքով, բավականաչափ չէր։ Գործընթացի ֆինանսական կողմի մասին առայժմ նոր տեղեկություններ չկան։

Նշենք, որ ամերիկյան ռազմաբազա տեղակայելու և F-35 կործանիչներ ձեռք բերելու բանակցությունները ընթանում էին զուգահեռաբար, սակայն 5–րդ սերնդի կործանիչներ ձեռք բերելու լուրը ավելի շուտ ստացավ պաշտոնական հաստատում։

Ներկայումս Լեհաստանում ամերիկյան զորքերի թիվը կայուն չէ։ Տարեկան միջինը Լեհաստանում է լինում 4500 ամերիկյան զինվորական։ Նրանց մի մասը մտնում է Սուվալյան միջանցքում ԱՄՆ գլխավորած բազմազգ 1000 հոգանոց խմբի, մյուսը՝ գերմանական սահմանի մոտ գտնվող ամերիկյան բրիգադի մեջ։

Հավելենք, որ ամերիկյան զորքեր կան ավելի քան 100 երկրներում։ Առավել մեծ քանակությամբ զինծառայողներ կան Գերմանիայում, Ճապոնիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Կատարում, Հարավային Կորեայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *