Ռուսաստանը Սու–57-եր ձեռք բերելուն զուգահեռ չի դադարեցնի Սու–35-երի գնումը

Ռուսաստանը 76 միավոր Սու–57 կործանիչների գնման պայմանագիրը հավանական է կնքի «Բանակ–2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ, որը անցկացվելու է հունիսի 25–30–ին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

Բորիսովը նշել է, որ կործանիչների գնման գումարը վճարվելու է սպառազինության պետական ծրագրի (ռուս.՝ Государственная программа вооружений) գործող և 2023 թվականից սկսվող ծրագրով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը մայիսին հանձնարարել էր մինչև 2028 թվականը ստեղծել 3 ավիագունդ, որոնց հիմնական սպառազինությունը պիտի լինի Սու–57 կործանիչները։ Այդ իսկ պատճառով նախատեսվում է կատարել 76 միավոր Սու–57–ի գնում։

Իսկ Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը օրերս հայտարարել էր, որ Ամուրի–Կոմսոմոլսկի ավիագործարանը (ռուս.՝ Комсомольский-на-Амуре авиационный завод, КнААЗ) պատրաստ է սկսել 76 միավոր Սու–57–երի արտադրությունը։ Պաշտոնյան վստահեցրել էր, որ նախագահի նշած ժամանակին նախատեսված քանակի կործանիչները պատրաստ կլինեն։

Ներկայումս սպասվում է, որ ՌԴ ՊՆ–ն մինչև տարեվերջ կստանա առաջին Սու–57–ը, որի գնման պայմանագիրը կնքվել էր 2018 թվականի օգոստոսին՝ կրկին «Բանակ–2018» ֆորումի ժամանակ։

Այսօր «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Սու–57–երին զուգահեռ, Ռուսաստան շարունակելու է գնել Սու–35 կործանիչներ։ Սու–35 կործանիչների մատակարման առաջին պայմանագիրը կնքվել է 2009 թվականին։

Պատվիրած 48 միավոր Սու–35–երի մատակարարումը ռուսական բանակին ավարտվել է 2015 թվականին։ Նույն տարում կնքվել էր նաև երկրորդ պայմնագիրը՝ 50 միավոր խմբաքանակով։ 30 կործանիչը արդեն մատակարարվել է, մյուս 20-ի մատակարարումը նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականը։

Երկու կործանիչներն էլ Սիրիայում ձեռք են բերել մարտական փորձ (1,2)

ՌԴ օդուժի Սու–35 և Սու–57 կործանիչներ
ՌԴ օդուժի Սու–35 և Սու–57 կործանիչներ


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *