Ռուսաստանյան «Կազանի ուղղաթիռների գործարանը» մինչև 2020 թվականը Ռուսաստանի ՊՆ–ին կմատակարարի 30 միավոր արդիականացված «Անսատ–Ու» թեթև ուսումնական ուղղաթիռ։ Ուղղաթիռները նախատեսված են Սիզրանի ուղղաթիռային ուսումնական կենտրոնի համար։
Այս մասին տեղեկանում ենք արտադրող գործարանի ներկայացրած հաշվետվություններից։
Ըստ այդ հաշվետվությունների՝ «Անսատ» ուղղաթիռների արդիականացումը կատարվել է երկու փուլով, որոնցից առաջինն ավարտվել է 2018 թվականին, իսկ երկրորդը նախատեսված է ավարտել մինչև 2020 թվականը։ Գործարանը նաև շարունակում է պատրաստվել արդիականացրած «Անսատ–Ու» և Մի–38 ուղղաթիռների սերիական արտադրությանը։
Ներկայումս Ռուսաստանի ՊՆ–ն երեք պայմանագրով ստացել է 50 միավոր «Անսատ–Ու» ուղղաթիռներ, որոնցից 6 միավորը՝ 2009 թվականին, 2 միավորը՝ 2010–ին։ Ապա 2011 թվականին կնքվել է 32 միավոր ուղղաթիռի գնման պայմանագիր, որից 5-ը ստացել է 2011–ին, տարեկան 6-ական միավոր՝ 2012–2015–ին, 3 միավոր էլ՝ 2016–ին։
2011–ին կնքած պայմանագրով՝ մեկ ուղղաթիռի համար Ռուսաստանի ՊՆ–ն վճարել է մոտ 1.8 միլիոն դոլար։
Եվս 10 միավոր «Անսատ–Ու»–ի գնաման պայմանագիր ՌԴ ՊՆ–ն և Կազանի գործարանը կնքել են 2017 թվականին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը շուրջ 2 միլիարդ ռուբլի էր (2017 թվականի փոխարժեքով՝ մոտ 32 միլիոն դոլար)։
Նշենք նաև, որ Թուրքիան ևս, ըստ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկու, հետաքրքրված է «Անսատ» ուղղաթիռներով։