ԱՄՆ-ն դադարեցրել է թուրք օդաչուների ընդունելությունը F-35-երի դասընթացներին. Reuters

Ամերիկյան կողմն այլևս չի ընդունելու թուրք օդաչուների F-35 կործանիչների վերապատրաստումների համար։ Պատճառը՝
կրկին ռուսաստանյան Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործարքն է:

Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի երեք պաշտոնյաների, որոնց անունները չի նշվում։

Պաշտոնյաները նշել են, որ որոշումը, թերևս, կարող էր չեղարկվել, եթե Թուրքիան փոխեր իր դիրքորոշումը Ս-400-ների գնման հարցում։ Ըստ աղբյուրի՝ այս որոշումը դեռևս վերաբերում է թուրք օդաչուների և տեխսպասարկման անձնակազմի վերապատրաստումների առաջիկա փուլերին, իսկ ներկայում դասընթացներ անցնողների դեռ շարունակում են պատրաստվել։

Այժմ ԱՄՆ Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում վերապատրաստումներ են անցնում 4 թուրք օդաչու, ևս երկուսը՝ աշխատում են որպես հրահանգիչներ։

Գործակալությանը այս թեմայի վերաբերյալ հրաժարվել են մեկնաբանություն տալ թե՛ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, թե Պենտագոնից։ Ամերիկյան կողմից միայն կրկնել են, որ թուրքական կողմի հետ բանակցություններ են ընթանում Patriot ՀՕՊ համակարգերի գնման համար։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՆԱՏՕ–ի, Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով Պենտագոտնի մամուլի խոսնակ Էրիկ Փահոնը, մեկնաբանելով թուրքական կողմի առաջարկությունը՝ Ս-400-ների խնդրով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին, հայտարարել էր, որ այդ հանձնաժողովը, մինևնույնն է, չի փոխելու այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը։

Հավելենք, որ մայիսի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են Ս-400-ների հարցը քննարկել հունիսի 28-29-ին Ճապոնիայում՝ G20 գագաթաժողովի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *