Ռուսաստանյան պետական «Ռոսօբարոնէքսպորտ» կորպորացիան 2019-ի հունվարից արտասահմանյան գնորդներին մատակարարել է 5,7 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական արտադրանք։ Այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Ալեքսնադր Միխեևը։
Հայտարարությունը փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ռուսական զենքի արտահանումով զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտը» մի շարք այլ ռազմական ոլորտի ձեռնարկությունների հետ մասնակցում է ПМЭФ-2019–ին (Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորում), որի ընթացքում էլ ընկերության ղեկավարը հայտնել է արտահանման ցուցանիշները։
Ավելի վաղ բաց աղբյուրներից ստացած տեղեկություններով հայտնել էինք 2019 թվականի ընթացքում զենքի վաճառքի դեպքեր։ Մասնավորապես Սաուդյան Արաբիան ստացել էր պատվիրած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետիի առաջին խմբաքանակը։
Իսկ Չինաստանը իր պատվիրած Ս–400 ՀՕՊ համակարգերի 2–րդ գնդային լրակազմի համար Ռուսաստանից ստացել էր հրթիռներ, Բելառուսն էլ «Կոնկուրս–Մ» հակատանկային հրթիռային համալիրների գնման պայմանագիր էր կնքել։
Հավելենք, որ 2019 թվականի ապրիլին Ալեքսանդր Միխեևը հայտնել էր, որ ընկերությունը ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում ունեցել է 5,2 միլիարդ դոլարի պայմանագիր։
Ֆորումին մասնակից «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը «Նովիկոմբանկից»* ստանալու է 5 միլիարդ ռուբլում (ներկայիս փոխարժեքով՝ 76,7 միլիոն դոլար) վարկ, որն օգտագործելու է քաղաքացիական նշանակության ուղղաթիռներ պատրաստելու համար։ Բացի այս, բանկը ֆինանսավորելու է նաև Կա–32, Կա–64, Կա–226, Մի–171, Մի–171Ա2, Մի–38 տեսակի ուղղաթիռների սպասարկման գործընթացը։