Սլովակիան և Ռուսաստանը շուտով նոր պայմանագիր կկնքեն, որով ռուսական կողմը 4-5 տարի կիրականացնի սլովակյան ՄիԳ–29 կործանիչների տեխնիկական սպասարկում։ Գործարքը գնահատվում է 100 մլն եվրո։ Այս մասին հայտնել է Սլովակիայի վարչապետ Պետեր Պելլեգրինին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ներկայումս Սլովակիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) կազմում շահագործվում է 12 միավոր ՄիԳ-29 կործանիչ և դրանց մեծ մասը տեխնիկական խնդիրներ ունի։
Դեռ 2013-ին նմանատիպ պայմանագիր կնքվել է ՄիԳ ավիաշինական կորպորացիայի հետ։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարի։
Նշենք, որ Սլովակիան ՄիԳ–29-երը փոխարինում է ամերիկյան F-16V կործանիչներով։ Անցած տարեվերջին երկիրը ստորագրեց 1,6 մլրդ եվրոյի պայմանագիր, որով գնում է 14 միավոր F-16V Viper Block 70/72 կործանիչ (12 մեկտեղանի և 2 երկտեղանի)։ Առաջին միավորը ստանալու է 2022-ին, մատակարարումները կվերջանան մինչև 2024-ը։
2013-ին Սլովակիայի Սպառազինության ազգային վարչության պետը խոսել էր ՄիԳ-29-երի շահագործումից դուրսգրման ժամանակացույցի մասին և հայտնել, որ գործընթացը կավարտվի 2016-2017 թվականներին ու փոխարինումը կիրականացվի կործանիչների վարձակալությամբ օտարերկրյա ընկերություններից։
Այնուհետև հայտնի դարձավ, որ 2017–ի ամռանից Սլովակիայի և Չեխիայի ռազմաօդային ուժերը միասին են պահպանելու երկրների օդային տարածքը։
4-րդ սերնդի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործման են հանձնել 1983-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 500 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և տարբեր նշանակության` այդ թվում «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասերի, հականավային, ռադիոճառագայթման նշանառության և այլն տեսակի հրթիռներ։ Կործանիչը կարող է օգտագործվել նաև ռմբակոծության համար։