Ադրբեջանը բանակցում է իտալական ինքնաթիռների շուրջ

Հունիսի 4-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևը* հանդիպել է իտալական ռազմարդյունաբերական Leonardo ընկերության տնօրեն Լորենցո Մարիանիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համատեղ նախագծերի իրականացման շուրջ հարցեր։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են «Leonardo ընկերության ռեակտիվ ուսումնամարտական ինքնաթիռի արտադրությանն ու տեխնիկական ծառայությունների վերաբերյալ համատեղ նախագծերը»։ Սրա համար երկու կողմերի փորձագետները պայմանավորվել են շարունակել բանակցությունները։

Թեև ինքնաթիռի հստակ մոդել չի նշվում, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը Leonardo-ի ուսումնամարտական M-346 ինքնաթիռի մասին է, որը 2017-ի մայիսին իտալական կողմը Ադրբեջանում ներկայացրել էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:

Ավելին՝ Ադրբեջանում անցկացված ADEX-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում էլ Leonardo-ի վաճառքի տնօրեն Ֆրանչեսկո Մոլինարին ադրբեջանական ռազմական լրատվակայքերից մեկին հայտնել էր, որ M-346 ինքնաթիռների ձեռքբերման շուրջ ընթանում են բանակցություններ: Ադրբեջանն այդ ինքնթիռները դեռ չի գնել և այսօրվա հանդիպումից էլ կարող ենք ենթադրել, որ գնման գործընթացը դեռ բանակցությունների փուլում է։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը M-346 ուսումնամարտական ինքնաթիռի ղեկին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը M-346 ուսումնամարտական ինքնաթիռի ղեկին

Նշենք, որ Leonardo ընկերության և Ադրբեջանի միջև համագործակցության փորձ արդեն կա, եղել են նաև երկկողմ բարձրաստիճան հանդիպումներ:

Օրինակ՝ 2012 թ. Ադրբեջանին է վաճառվել 7 միավոր AW139 և 2 AW189 քաղաքացիական ուղղաթիռ: 2017-ին «Լեոնարդոյի» և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև կնքված պայմանագրով իտալական ընկերությունը պետք է ապահովի «Հարավային գազային միջանցք» նախագծի ֆիզիկական և կիբերանվտանգությունը: 2017-ին այդ ընկերության ղեկավարը երկու անգամ այցելել է Ադրբեջան, հանդիպել Իլհամ Ալիևին, իսկ այս տարվա մարտին Ադրբեջան էր այցելել նաև Իտալիայի Պաշտպանության և սպառազինության քարտուղարության ղեկավարը:


* Յահյա Մուսաևը, լինելով փոխնախարար, ներկայումս նախարարության առաջին դեմքն է, քանի որ նախորդ տարվա հուլիսից, երբ մահացավ ստեղծման օրվանից 13 տարի կառույցը ղեկավարած Յավեր Ջամալովը, նոր նախարար չնշանակվեց, ավելին՝ 2018-ի հունվարին որոշում ընդունվեց այդ նախարարությունը փոխարինել մեկ այլ մարմնով: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *