Հունիսի 5-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնել է, որ նախատեսում են 2020-ին ստեղծել ԱԱԾ աշխատակիցների համար ուսումնական կենտրոն:
ԱԱԾ պետը նշել է, որ այդ ուղղությամբ կա հստակ ճանապարհային քարտեզ, որոշվել է նաև տեղի հարցը: Ըստ Վանեցյանի՝ ուսումնական կենտրոնի ենթակառուցվածքների համար միայն հարկավոր է շուրջ 2 միլիարդ դրամ: Այդ կապակցությամբ ԱԱԾ պետը հայցել է Ազգային ժողովի և ֆինանսների նախարարության աջակցությունը:
Կենտորնում նախատեսվում է կազմակերպել 5-ամյա բարձրագույն կրթություն երիտասարդների համար, սահմանապահ զորքերի ծառայողների ուսուցում տեղում՝ արտասահման մեկնելու փոխարեն, ինչպես նաև հետախուզության աշխատակիցների համար վերապատրաստում, ինչը հնարավորություն կտա արտասահմանում նրանց երկամյա ուսուցումը կազմակերպել տեղում:
Նախատեսվում է ստեղծել նաև հատուկ նշանակության ջոկատայինների ուսումանակ հագեցած կենտրոն, որտեղ մարզվելու հնարավորություն կունենան նաև այլ կառույցների հատուկջոկատայինները: Կենտրոնում կկազմակերպվի նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցների ուսուցումը:
Արթուր Վանեցյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծումով հնարավոր կլինի զերծ մնալ արտասահմանում ԱԱԾ աշխատակիցների ուսման ընթացքում հնարավոր ռիսկերից: Ներկայումս օտարերկյա պետություններում ԱԱԾ աշխատակիցների պատրաստման համար ծախսվում է 240 միլիոն դրամ: