Թուրք–ուկրաինական համատեղ արտադրության Serdar մարտական մոդուլը անցել է կրակային փորձարկումներն ու պատրաստ է սերիական արտադրության։ Մշակմանը թուրքական կողմից մասնակցել է Aselsan ընկերությունը, իսկ Ուկրաինայից՝ «Սպեցտեխնոէքսպորտը», «Լուչը» և «Ուկրօբորոնպրոմը»
Այս մասին հայտնում է «Սպեցտեխնոէքսպորտ» ընկերության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ մարտական մոդուլները նախատեսված են երրորդ երկրի համար, իսկ ուկրաինացի բլոգգեր Դիանա Միխայլովնան հայտնում է, որ երրորդ երկիրը Քաթարն է, որի հետ կա 100–ից ավելի մարտական մոդուլի մատակարարման պայմանագիր։
Serdar–ը կազմված է «Սկիֆ» հակատանկային միջոցի 2 կամ 4 արձակման կայանից։ Արտադրողները նշում են, որ 130 մմ տրամաչափի РК-2С հրթիռները կարող են 5 կմ հեռավորության վրա խոցել 800մմ հաստությամբ զրահ։ Մոդուլի վրա տեղադրված են նաև 12,7 և 7,62 մմ տրամաչափի 2 գնդացիր, կարող է ավելանալ նաև 152 մմ տրամաչափի РК-2М հրթիռի արձակման կայան։
Արտադրության մեջ թուրքական ընկերությունը մշակել է մոդուլի կրակի հեռակառավարման, թիրախի հայտնաբերման և ուղեկցման համակարգերը: «Սպեցտեխնոէքսպորտը» ապահովել է «Լուչ» ընկերության արտադրած հրթիռների մատակարարումն ու դրանց նշանառման համակարգերը։
Այս մոդուլը առաջին անգամ ցուցադրվել էր 2018 թվականին, երբ «Լուչ» ընկերությունը հայտնեց դրանց փորձարկումների մասին։
Նշենք, որ 2018 թվականին Ուկրաինան Սաուդյան Արաբիային վաճառել էր 950 միավոր «Սկիֆ» և «Կորսար» հակատանկային միջոցներ, որոնք համալրված էին թուրքական Aselsan–ի ջերմադիտարկման սարքերով։ Գործարքը կազմել էր 24 միլիոն դոլար։