Նոր «Պանցիրների» փորձարկումները կավարտվեն 2021–ին՝ հայտարարվածից մի քանի տարի ուշ

Ռուսական «Պանցիր» զենիթահրթիռային համալիրների արդիականացված տարբերակները՝ «Պանցիր–ՍՄ»–ները փորձարկումները կավարտվեն 2021 թվականին։ Դրանք արտադրվում են զրոյից, քանի որ հնարավոր չէ նախորդ տարբերակը հասցնել նախատեսվող մակարդակի։

«ՌԻԱ Նովոստին», իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնում է՝ «Պանցիր–ՍՄ»–ները կունենան ավելի արագընաց հրթիռներ։ Մասնավորապես՝ նոր հրթիռները կունենան 3000 մ/վրկ արագություն՝ նախորդ 1300 մ/վրկի փոխարեն։

Գործակալությունը նշում է, որ համալիրի հեռահարությունը երկու անգամ մեծացնելու շնորհիվ խոցման տիրույթը կհասնի առավելագույնը 40 կմ-ի: Արդիականացվելու է նաև համալիրի ռադիոտեղորոշիչ սարքը, ինչը հնարավորություն կտա թիրախներ հայտաբերել առավելագույնը 75 կմ–ի վրա։

Դեռևս 2014 թվականին «Պանցիր» ԶՀՀՀ-ներն արտադրող Տուլայի կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն Դմիտրի Կոնոպլևը հայտարարել էր, որ ԶՀՀՀ–ների նոր արդիականացրած տարբերակը փորձարկումների փուլում է և նախատեսվում է այն բանակին հանձնել 2017 թվականին։

Իսկ 2017 թվականին փոխնախարար Յուրի Բարիսովը հայտարարել էր, որ նոր «Պանցիրները» կարտադրվեն 2018 թվականին։

«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր
«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր

«Պանցիր» համալիրների հիմնական՝ «Պանցիր-Ս1» տարբերակի անձնակազմը երեք հոգի է։ ԶՀՀՀ-ն իր սպառազինությունում ունի 12 «57Է6Ե» հրթիռ և 1400 արկ՝ հրանոթի համար։ Համալիրը օդային թիրախները կարող է հայտնաբերել մինչև 36 և խոցել մինչև 18-20 կմ հեռավորության վրա։ Այն նախատեսված է կարևոր նշանակության ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար:

Այս համալիրներից Ռուսաստանը տեղակայել է նաև Սիրիայում։ 2017 թվականի ընթացքում այս համալիրների միջոցով Սիրիայում խոցվել են թուրքական, իսրայելական և ամերիկյան արտադրության շուրջ 5 միավոր ԱԹՍ և այլ թիրախներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *