Ռուսաստանի սպառազինության արտահանումները. ՄԱԿ

Հրապարակվել է 2018 թվականին Ռուսաստանի՝ սպառազինության արտահանումների մասին ՄԱԿ–ի սովորական սպառազինության ռեգիստրին ներկայացված զեկույցը։ Ստորև կներկայացնենք զեկույցի առավել հետաքրքիր մանրամասները։

Ըստ զեկույցի ձևի՝ մատակարարված զինտեխնիկայի հստակ անունը չի նշվում, այլ գրվում է տեխնիկայի այդ դասը բնութագրող ընդհանուր անվանում։ Եվ այսպես Ռուսաստանը «մարտական ավիացիա» (զեկույցում՝ combat aircraft) է տրամադրել Չինաստանին՝ 10 միավոր, Անգոլային և Մյանմային՝ 6–ական միավոր, Ղազախստանին և Լաոսին՝ 4–ական միավոր։

Չինաստանի դեպքում խոսքը Սու–35 կործանիչների մասին է։ Ռուսաստանը 24 միավոր կործանիչի մատակարարաման պայմանագիր էր կնքել Չինաստանի հետ և վերջին 10 միավորը փոխանցել էր 2018 թվականին՝ 2 խմբաքանակով։

2018 թվականի ընթացքում ռուսական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանը Անգոլային փոխանցել է 4 միավոր Սու–30ԿՆ կործանիչ։ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության նախագահ Դիմտրի Շուգաևը հայտարարել էր, որ Անգոլան 2018 թվականին ստացել է կործանիչների հերթական խմբաքանակը։ Ամենան հավանականությամբ Ռուսաստանը Անգոլային փոխանցել է 6 միավոր Սու–30ԿՆ, որոնց գնման պայմանագիրը կնքվել էր 2013 թվականին։ Նշենք, որ ևս 6 միավոր Սու–30ԿՆ Անգոլան ստացել է 2019–ի ընթացքում։

Մայանման և Լաոսը համապատասխանաբար ստացել են 6 և 4 միավոր Յակ–130 ուսումնամարտական ինքնաթիռներ, իսկ Ղազախստանը ստացել է 4 միավոր Սու–30ՍՄ, որոնց գնման պայմանագիրը կնքել էր 2017 թվականին՝ 12 միավորի համար։

Զեկույցում նշված է, որ Ռուսաստանը Ղազախստանին ու Պակիստանին՝ 4, իսկ Նիգերիային ու Թաիլանդին 2-ական միավոր «գրոհիչ ուղղաթիռներ» (զեկույցում՝ attack helicopters) է վաճառել։ Ղազախստանը, Նիգերիան ու Պակիստանը ստացել են Մի–35Մ հարվածային ուղղաթիռներ, իսկ Թաիլանդը, ամենայն հավանականությամբ, ստացել է Կա–32 ուղղաթիռներ, որոնց գնման պայմանագիրը կնքվել էր 2017-ին։

Ռուսաստանը Չինաստանին ու Հնդկաստանին փոխանցել է համապատասխանաբար 72 և 1250 միավոր «հրթիռներ և արձակման կայաններ» (զեկույցում՝ missiles and missile launchers)։ Այստեղ խոսքը, ամենայն հավանականությամբ, Ս–400 ԶՀՀ–ների հրթիռների ու արձակման կայանների մասին է։ Ինչպես գիտենք 2018 թվականին Չինաստանը ստացել էր իր պատվիրած Ս–400–ների առաջին գնդային լրակազմը։

2018–ին Վիետնամը ստացել է 64 միավոր Տ–90 տանկեր (զեկույցում՝ battle tanks), և ինչպես նշել էինք օրերս՝ Ադրբեջանը ստացել է 40 միավոր ԲՏՌ-82Ա զրահամեքենա (զեկույցում՝ armoured combat vehicles)։

Նշենք նաև, որ «Ռոստեխ» ընկերության միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Վիկտոր Կլադովը 2018 թվականին հայտարարել էր, որ զենքի արտահանումից Ռուսաստանի եկամուտը 13,4 մլրդ դոլարից քիչ չի լինի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *