Նոր օրենքը վատթարացնում է պահեստազորի սպաների բնակարանային ապահովման վիճակը.սպա

ՀՀ ԶՈւ թոշակառու սպաները, որոնք պետությունից ամբողջովին անհատույց բնակարան ստանալու իրավունք ունեին, կստանան անհատույց ֆինանսական աջակցություն, սակայն ոչ բոլոր դեպքերում ամբողջական։ Պահեստազորի սպաների մի մասին սա չի գոհացնում։

Ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է նախորդող եռամսյակի դրությամբ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տրամադրած՝ ՀՀ տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների հիման վրա` հետևյալ չափերով.

  • Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը;
  • Քաղաքներում և դրանց վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը;
  • Գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը:

Հայկական բանակի պահեստազորի սպա Կարեն Հակոբյանը նշում է, որ առաջնային խնդիրներից մեկն այն է, որ նոր օրենքը վատթարացնում է շահառուի վիճակը հին օրենքի համեմատ։ Մասնավորապես՝ եթե նախկինում պետությունը պարտավորվում էր 100 տոկոսով լուծել սպայի բնակտարածքի խնդիրը, հիմա դա անում է մասամբ, օրինակ՝ սուբսիդավորվում է Երևանում հաշվառվածների բնակարանի գումարի 50 տոկոսը, գյուղական վայրերում՝ 90 տոկոսը ևն։

Գործընթացը տևելու է 2019թ. հունիսի 1-ից 2020թ. դեկտեբերի 1-ը։ Նախկին զինծառայողներին պատրաստվում են տրամադրել բնակարանի գնման վկայագրեր՝ ըստ շահառուների բնակարանային հաշվառման տարիների հերթականության, կառավարության որոշմամբ հաստատված հետևյալ առաջնահերթությամբ.

  1. Սահմանամերձ մարզեր;
  2. այլ մարզեր;
  3. Երևան։

Սպայի խոսքով՝ վիրավորական է նաև, որ առաջնահերթությունները տրվելու են ըստ բնակավայրերի. «Սպան սպա է, ինչ տարբերություն Երևանի Արաբկիր համայնքից է, Սյունիքից, թե Տավուշի ինչ–որ գյուղից»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը 2018-ի դեկտեմբերի 28-ին հանդիպեց զորացրված սպաների հետ և խոստացավ, որ եթե լինեն մարդիկ, որոնց այս լուծումը ձեռնտու չի լինի, նրանց նկատմամբ պետության [անհատույց բնակարան տրամադրելու] պարտավորությունը կմնա:

Սպան հավաստում է՝ եթե վկայագիրը չես վերցնում, մնում է պարտավորությունը։ Բայց սա էլ է խնդրահարույց, կառավարությունը հրաժարվում է անգամ մոտավոր ժամկետ նշել։ Ըստ այդմ, ինքը և ևս շուրջ 60 սպա դիմել են դատարան։ Ասում է՝ իրավաբանները խոստացել են դրական արդյունք, որովհետև նոր օրենքը վատթարացնում է շահառուների վիճակը։ Հակոբյանը կարծում է, որ եթե դատավորները իրոք անկախ են, հօգուտ իրենց կկայացնեն որոշումը։

Այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է Տավուշում, Վայոց Ձորում և Սյունիքում հաշվառվածներին մինչև հունիսի 28-ը ներկայանալ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն` (Հասցեն` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41, 043-07-00-99)՝ անհրաժեշտ փաստաթղթերով։

One response to “Նոր օրենքը վատթարացնում է պահեստազորի սպաների բնակարանային ապահովման վիճակը.սպա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *