Մայիսի 29-ին ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին առաջարկել էր ստեղծել ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերի խնդրով զբաղվող տեխնիկական հանձնաժողով։ Այժմ լուրեր կան, որ ԱՄՆ նախագահ Թրամփն ընդունել է Էրդողանի առաջարկը։
Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր ամերիկյան և թուրքական տարբեր անանուն աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ երկու ղեկավարները քննարկել են, թե ինչով պետք է զբաղվի նոր ստեղծվող մարմինը։ Էրդողանն առաջարկել է համատեղ քննարկել ու հասկանալ, թե ինչ ռիսկեր կարող է ունենալ ռուսական համակարգի և ամերիկյան կործանիչի միևնույն տարածքում լինելը։ ԱՄՆ նախագահն էլ համաձայնել է՝ շեշտելով, որ հանձնաժողովի եզրակացությունն, ամեն դեպքում, հաստատելու է ամերիկյան կողմի դիրքորոշումը։
Գործակալությունը գրում է, որ զրույցի ընթացքում հստակ չի նշվել, թե հանձնաժողովի ստեղծմանն ուղղված հաջորդ քայլը որն է լինելու, և թե այն ինչ ժամկետներում պետք է լինի։
Հատկանշական է, որ եթե այս տեղեկությունը ճիշտ լինի, ապա՝ համաձայնելով ստեղծել երկկողմ այս հանձնաժողովը, ԱՄՆ-ն ու Թուրքիան յուրաքանչյուրն իրենց հերթին որոշակի ժամանակ են շահում, քանի որ մինչ հանձնաժողովի ստեղծումն Ս–400-ների մատակարարումները Թուրքիա երկարաձգվելու են։
Այս համատեքստում ուշագրավ է, որ մայիսի 27-ին էլ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ռուսական համակարգերը Թուրքիա կարող են մատակարարվել նախատեսված ժամկետից՝ հունիսից, ուշ, սակայն ընթացիկ ամիսների ընթացքում։ Ըստ նախարարի՝ հետաձգումը կարող է կապված լինել ընթացող նախապատրաստական աշխատանքների հետ։
Այնուամենայնիվ, մայիսի 29-ին ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հայտարարեց, որ համակարգերի մատակարարման ժամկետներում որևէ փոփոխություն չի եղել, և դրանք մատակարարվելու են նախատեսված ժամկետներում։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Թրամփը պայմանավորվել են հանդիպել հունիսի 28-29-ին Ճապոնիայում՝ G20 գագաթաժողովի շրջանակներում։
