ՌԴ իշխանական մամուլը հերքում է, որ երկիրը հրաժարվել է Իրանին Ս–400 վաճառել․ Իրանը չի էլ դիմել

Ռուսաստանը Իրանից Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների գնման հայտ չի ստացել։ Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը մայիսի 31–ին հակադարձել է ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը։

«Իրանին Ս–400 ԶՀՀ մատակարարելու հայտ չենք ստացել այդ երկրից, հետևաբար խոսակցությունները, իբր Ռուսաստանը մերժելէ Իրանին զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու հարցում, անառարկայական են»– հղում անելով սեփական աղբյուրներին՝ հայտնել է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Այսօր ավելի վաղ «Բլումբերգ» գործակալությունը, հղում անելով ռուսաստանյան իր երկու անանուն աղբյուրին, գրել էր, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին մատակարարել Ս–400–ներ՝ պատճառաբանելով, որ գործարքը կարող է նպաստել Մերձավոր արևելքում լարվածության աճին։

Նշենք, որ իրանական սպառազինությունում առկա են ռուսական Ս–300 ԶՀՀ–ներ, որոնց մատակարարումը Ռուսաստանը ավարտել էր 2016 թվականին։

Ռուսական Ս–400 ԶՀՀ–ները տարածաշրջանում առաջացրել են մեծ իրարանցում։ Տարաձայնությունները մասնավորապես սրացան Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս–400–ների պայմանագիր կնքելուց հետո։ ԱՄՆ–ն բազմաթիվ անգամներ կոչ է արել Թուրքիային դադարեցնել Ռուսաստանի հետ գործարքը, ինչպես նաև հետաձգել է 100 միավոր Ֆ–35 կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ պատճառաբանելով, որ ամերիկյան կործանիչն ու ռուսական ՀՕՊ–ը չեն կարող նույն երկրում գտնվել։

Ս–400–ների հաջորդ գնորդը Հնդկաստանն է, և այս դեպքում նույնպես ԱՄՆ–ն տանում է աշխատանքներ՝ Հնդկաստանին առաջարկելով այլընտրանքային ՀՕՊ միջոցներ։ Սակայն ԱՄՆ ՊՆ ղեկավարի օգնական Ռանդալ Սշրիվեր չի բացառել, որ ԱՄՆ–ն պատժամիջոց չի կիրառի Հնդկաստանի նկատմամբ՝ Ս-400 գնելու համար։

Ս–400 համակարգեր այժմ բացի Ռուսաստանից առկա է միայն Չինաստանի սպառազինությունում։ Չինաստանն ունի մեկ գնդային լրակազմ, իսկ երկրորդ գնդային լրակազմի մատակարարումը Չինաստանին նախատեսվում է սկսել հուլիսից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *