Թուրքիան երկու կորուստ ունի Իրաքի հյուսիսում, քրդերը՝ 19․ Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Իրաքի հյուսիսային Հաքուրքի շրջանում Թուրքիայի ԶՈւ մայիսի 27-ին սկսած գործողությունների ընթացքում սպանվել է երկու թուրք զինծառայող՝ հետևակի լեյտենանտ Ռաշիթ Այդընը և հետևակի սերժանտ Մեհմեթ Թաշհանը։ Հայտարարվել է նաև քրդական կողմի 19 կորստի մասին։

Այս մասին հայտնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի երեկոյան ժամը 20։00-ից Թուրքիայի զինված ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ ցամաքային ու օդային գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Հաքուրքի շրջանում։

Ցամաքային գործողություններից առաջ նախ F-16 կործանիչներով ավիահարվածներ են հասցվել, այնուհետև UH-60 ուղղաթիռներով հատուկջոկատայիններ են իջեցվել այդ տարածք, որտեղ էլ սկսել են գործողությունները։

Գործողությանը ներգրավվել են թուրքական արտադրության «Աթաք» ուղղաթիռներ, բացի այդ հրապարակված լուսանկարներում երևում են նաև թուրքական T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգեր, ինչպես նաև ԱԹՍ–ներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *