Պետդուման կքննարկի «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրի կասեցումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 30–ին պետդումայի քննարկմանն է առաջարկել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրի կասեցման մասին օրինագիծը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Գործակալությունը, մեջբերելով Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, նշում է, որ քննարկումից հետո նախագահը պայմանագրիրը վերականգնելու որոշում կայացնելու իրավունք կունենա։

Նախնական տվյալներով պետդուման նախագահի առաջարկած օրինագիծը քննարկելու է հունիսի 18–ին։ Մինչև պետդումայի քննարկումը, օրինագիծը պետք է անցնի պետդումային պրոֆիլային հանձնաժողովով*, արտաքին հարաբերությունների, պաշտպանական, անվտանգության հանձնաժողովներով։

*Որպես կանոն Ռուսաստանի Դաշնությունում օրինագծերը ընդունվում են պետդումայի 3 ընթերցմամբ։ Առաջին ընթերցումով քննարկվում և որոշվում է օրինագիծը ուղարկել պրոֆիլային հանձնաժողով։ Երկրորդ ընթերցումով մանրամասն ուսումնասիրվում է օրինագիծը և 3–րդ ընթերցումով օրինագիծը դրվում է քվերակության։

Նախագահի մեկ այլ հրամանով՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նշանակվել է Պետդումայում «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրի կասեցման մասին օրինագիծի ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով դադարեցնում էր ԽՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը։ Հրամանի մեջ նշված էր, որ Ռուսաստանը դադարեցնում է պայմանագիրը ԱՄՆ–ի կողմից պայմանագրի դրույթները խախտելու պատճառով։

«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, իսկ ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, ինչպես նաև 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։

1991-ի հունիսին պայմանագրի կետերը կատարվել էին և Խորհրդային Միությունը ոչնչացրել էր 1846, իսկ Միացյալ Նահանգները՝ 846 հրթիռային համակարգ։ Ապա կողմերը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *