Թուրքիայում ԱԱԽ նիստին քննարկվել է Իրաքի հյուսիսում գործողությունները

Մայիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որի ընթացքում քննարկվել են Իրաքի հյուսիսում և Սիրիայում՝ մասնավորապես Իդլիբ նահանգում, անցկացվող ռազմական գործողությունները, ինչպես նաև Կիպրոսի շուրջ Թուրքիայի սկսած ապօրինի հորատումների շուրջ առաջացած խնդիրները։

ԱԱԽ նիստից հետո տարածված հայտարարությունը փոխանցում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ անդրադարձ է եղել Իրաքի հյուսիսում մայիսի 27-ին Թուրքիայի զինված ուժերի սկսած «Ճանկ» ցամաքային ռազմական գործողությանը (“Pençe Harektı”)։

Կրկին հայտարարվել է, որ Թուրքիան շարունակելու է իր գործողություններն «ահաբեկչական համարվող կազմակերպությունների, այդ թվում՝ Գյուլենականների (FETÖ), «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK), «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG), «Իսլամական պետության»» դեմ։ 

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին երեկոյան ժամը 20։00-ից Թուրքիայի զինված ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ ցամաքային ու օդային գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Հաքուրքի շրջանում։ Ցամաքային գործողություններից առաջ նախ F-16 կործանիչներով ավիահարվածներ են հասցվել, այնուհետև UH-60 ուղղաթիռներով հատուկջոկատայիններ են իջեցվել այդ տարածք, որտեղ էլ սկսել են գործողությունները։ 

Մի քանի օր շարունակվող գործողությունների հետևանքով թուրքական կողմը հայտարարել է իր երկու զինծառայողի և քրդական կողմի 19 անդամի սպանության մասին։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ–ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *