ԱՄՆ-ն կարող է դադարեցնել թուրք օդաչուների վարժանքներն F–35-երի համար. Reuters

ԱՄՆ-ն շարունակում է սպառնալ Թուրքիային ռուսական Ս–400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի գնման համար։ Այս անգամ ամերիկյան կողմը մտադիր է դադարեցնել թուրք օդաչուների Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում ընթացող վարժանքները՝ F-35 կործանիչների համար։ Հայտնի չէ՝ արդյոք վարժանքների դադարեցման դեպքում օդաչուները պետք է հետ վերադառնան, թե շարունակելու են մնալ ԱՄՆ-ում մինչև հստակ որոշում կկայացվի։

Այս մասին, հղում անելով իր անանուն աղբյուրին, գրում է Reuters միջազգային գործակալությունը։

Աղբյուրը նշում է, որ Պենտագոնից ու Պետդեպարտամենտից չեն մեկնաբանել այս տեղեկությունը, միայն Պենտագոնի մամուլի խոսնակ փոխգնդապետ Մայք Էնդրյուսը նշել է, որ Անկարայի հետ բանակցություններ են ամերիկյան Patriot համակարգերի վաճառքի համար։

Հիշեցնենք, որ օդաչուների վարժանքների դադարեցման մասին տեղեկություններ տարածվեցին նաև ապրիլի 2-ին, երբ հայտնի դարձավ, որ ամերիկյան կողմը դադարեցրել է կործանիչների համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը Թուրքիա։ Նույն օրը, սակայն, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում Մայք Էնդրյուսը հերքել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ օդաչուների վարժանքները շարունակվում են։

Հավելենք նաև, որ մայիսի 23-ին ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն ներկայացրել է 2020թ. պաշտպանական բյուջեի նախագիծը («Ազգային պաշտպանության թույլատրման նախագիծ» — “NDAA”), որով արգելվում է Թուրքիային մատակարարել է ամերիկյան F-35 կործանիչները կամ արտադրման համար նախատեսված սարքավորումներն այնքան ժամանակ, քանի դեռ Պենտագոնը չի երաշխավորել, որ Թուրքիան մերժել է ռուսական Ս–400 համակարգերի մատակարարումը և որ չի գնի դրանք նաև ապագայում։ Այժմ այն ուղարկվել է Սենատ՝ հաստատման։ Առաջիկա շաբաթների ընթացքում Ներկայացուցիչների պալատը պետք է առաջադրի նախագծի իր տարբերակը։

Մայիսի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ս–400-ները, հնարավոր է, Թուրքիա մատակարարվեն նախատեսված ժամկետից՝ հունիսից ուշ, սակայն մոտակա ամիսներին։ Ըստ նախարարի՝ գործընթացն արդեն սկսվել է։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *