Տոնոյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագներին

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման նպատակն էր շփման գծում իրավիճակի քննարկումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, ս.թ. մայիսին անցկացված լայնածաված զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ:

Նշել է, որ չնայած այս բացասական միտումների, Հայաստանը շարունակում է կողմակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը, միջադեպերի կանխարգելմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ բոլոր տեսակի սադրանքները բացառելու նպատակով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելացրել է նաև, որ հայկական բանակը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում հակառակ կողմի ցանկացած տեղաշարժ՝ իրենց առաջնահերթ առաքելությունը համարելով ռազմավարական և մարտավարական մակարդակներում ռազմական բալանսի պահպանման միջոցով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ապահովումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *