Մայիսի 27–ին վրաց-ադրբեջանական սահմանին հանդիպել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետ, գեներալ–գնդապետ Էլչին Ղուլիևը և Վրաստանի սահամանային ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեն։
Հատկանշական է, որ այս ամսվա ընթացքում սա պաշտոնյաների արդեն երկրորդ հանդիպումն է, ինչը մեր կարծիքով՝ կապված է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակի հետ։ Վանական համալիրը ադրբեջանցիների կողմից զբաղեցրած բարձունքի ստորոտում է՝ վիճելի տարածքում, և ադրբեջանցի սահմանապահները պարբերաբար մուտք են գործում համալիրի տարածք:
Հերթական նման միջադեպը եղել էր ապրիլի վերջին. սահմանապահները չէին թույլատրել վրացի հոգևորականներին մուտք գործել համալիր, ինչը վրացական կողմում առաջացրել էր հասարակական դժգոհություն: Միջադեպից հետո պաշտոնյաները հանդիպեցին մայիսի 6-ին, սակայն հանդիպումից հետո էլ հասարակական կրքերը չհանդարտվեցին։
Նշենք նաև՝ տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը վանական համալիրի մոտ՝ սահմանագծին, այս օրերին ինժիներական աշխատանքներ է կատարում, մասնավորապես՝ նոր ճանապահ է կառուցում։