Ռուսաստանը որոշել է արդիականացնել «Գռադ» ՀԿՌՀ–ները

Ռուսական «Տեխմաշ» ընկերության փոխտնօրեն Ալեկսանդր Կոչկինը հայտնել է, որ ԽՍՀՄ գոյության տարիներին արտադրված և ռուսական սպառազինությունում առկա ԲՄ 21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը արդիականացվելու են մինչև նորաստեղծ «Տորնադո–Գ» ՀԿՌՀ–ի մակարդակի։

Կոչկինի հայտարարությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

122 մմ տրամաչափով «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը սկսել են նախագծվել 1960–ական թվականներին։ Այն նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային ստորաբաժանումների ու հրամանատարական կետերի ոչնչացման համար։ «Գռադ» համակարգերը բավականին լայն տարածում ունեն հետխորհրդային երկրներում, այդ թվում առկա են նաև Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերում։

«Տորնադո–Գ» համակարգը ԲՄ-21 «Գռադ» համակարգերի ներկա արդիականացումն է։ Նշվում է, որ «Տորնադո–Գ»–ն «Գռադից» տարբերվում է կրակի հեռավորությամբ ու ոչնչացման մակերեսի մեծությամբ, ինչպես նաև նշանառության ու նավիգացիոն համակարգերի կատարելագործմամբ ու ավտոմատացմամբ։ «Տոռնադո–Գ» ՀԿՌՀ–ը Ռուսաստանի սպառազինությունն է համալրել2014 թվականին։

Նշենք նաև, որ վերջերս Ռուսաստանը ստացել է «Սմերչ» ՀԿՌՀ–երի արդիականացված տարբերակ համարվող «Տորնադո–Ս» համակարգերի առաջին բրիգադը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *