Ճապոնիան համաձայնել է գնել 105 միավոր Ֆ-35 կործանիչ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Ճապոնիայում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այս մասին հայտնում է CNN–ը։
Թրամփը նաև նշել է, որ Ճապոնիան անցած տարի ամերիկյան զինտեխնիկայի գլխավոր գնորդներից է եղել:
Այս տարվա ապրիլին Ճապոնիայի ՌՕՈւ Ֆ-35 կործանիչներից մեկը վթարվել էր Խաղաղ Օվկիանոսի վրա թռիչք իրականացնելիս՝ այսպիսով Ճապոնիայի ՌՕՈւ–երում Ֆ–35 կործանիչների թիվը դարձնելով 12։ Նշենք, որ այդ 13 միավոր Ֆ–35 կործանիչը Ճապոնիան ստացել է 2011 թվականին կնքված 42 կործանիչի գնման պայմանագրի շրջանակներում։
Մամուլին հայտնի տեղեկությունների համաձայն՝ մեկ միավոր Ֆ-35-ի արժեքը շուրջ 90 մլն դոլար է։ Այն ժամանակ էլ մամուլը գրում էր, որ պայմանագիրի ընդհանուր արժեքը 7 միլիարդ դոլարից պակաս չի լինի (այնուամենայնիվ՝ սպասարկման և սպառազինության ձեռքբերման ծախսերը ներառյալ)։
Նշենք, որ Ֆ-35–երով Ճապոնիան մտադիր է փոխարինել 1970-ականներից կիրառության մեջ գտնվող և արդեն հնացած McDonnell Douglas F-4 Phantom II կործանիչ-ռմբակոծիչները։
Ֆ-35-ը համարվում է հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչ և նախագծվել է Lockheed Martin ամերիկյան ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար: