Վրաստան է այցելել Թուրքիայի պաշտպանության նախարարը

Մայիսի 26-ին Վրաստանի անկախության զորահանդեսին մասնակցելու նպատակով այդ երկիր էր մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի նախագահին, վարչապետին և պաշտպանության նախարարին։

Այցի մասին մանրամասներին տեղեկանում ենք Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների կայքերից։ Աքարը Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկու եկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև համատեղ զորավարժությունները։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Վրաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է նաև Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան եռակողմ զորավարժությունները, սակայն հարկ է նշել, որ Վրաստանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ այդպիսի հայտարարություն չկա։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի իր հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ևս խոսել էր Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան համատեղ եռակողմ զորավարժությունների մասին, պայմանավորելով դրանք տնտեսական ծրագրերի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *