Ռուսաստանը մտադրություն ունի 2014 թվականին սկսել Ղրղզստանին փոխանցել սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը։
Շոյգուն նշել է, որ երկկողմ բանակցություններն արդեն ավարտվել են, և այժմ ՌԴ-ում քննարկվում են վերջին հարցերը։
Այլ մանրամասներ ռուսաստանցի նախարարը չի հայտնել։
Հիշեցնենք, որ 2012 թվականի աշնանը խոսակցություններ էին տարածվել, որ ՌԴ-ն ցանկանում է 1,1 մլրդ դոլար հատկացնել Ղրղզստանին՝ բանակի վերազինման համար։
Նշենք, որ այժմ Ղրղզստանի տարածքում գործում է ՌԴ «Կանտ» ավիաբազան։
Ռուսական կողմը Ղրղզստանին գումար չի վճարում տարածքի վարձակալման համար,սակայն Բիշքեքին տրամադրում է ռազմական տեխնիկա, ինչպես նաև օգնում պատրաստել ռազմական մասնագետներ։
2012 թվականին Ռուսաստանը Ղրղզստանի հետ համաձայնության էր եկել ավիաբազան այդ երկրում պահել մինչ 2032 թվականը։ Այս քայլից հետո Ռուսաստանը չեղյալ էր հայտարարել Ղրղզստանի պարտքը, որը կազմում էր շուրջ կես միլիարդ ամերիկյան դոլար։