ԱՄՆ 2020թ. բյուջեի նախագծով արգելվում է F-35-երի մատակարարումը Թուրքիա

Մայիսի 23-ին ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն ներկայացրել է 2020թ. պաշտպանական բյուջեի նախագիծը («Ազգային պաշտպանության թույլատրման նախագիծ» — “NDAA”), որով արգելվում է Թուրքիային մատակարարել ամերիկյան F-35 կործանիչները կամ արտադրման համար նախատեսված սարքավորումներն այնքան ժամանակ, քանի դեռ Պենտագոնը չի երաշխավորել, որ Թուրքիան մերժել է ռուսական Ս–400 համակարգերի մատակարարումը և որ չի գնի դրանք նաև ապագայում։

Սենատորներ Ջիմ Ինհոֆը, որը նաև կոմիտեի նախագահն է, և կոմիտեի անդամ Ջեք Րիդը օրենքի նախագիծը ներկայացրել են քվեարկության. կոմիտեի 25 սենատոր կողմ է քվեարկել նախագծին, 2-ը՝ դեմ։ Այժմ այն ուղարկվել է Սենատ՝ հաստատման։ Առաջիկա շաբաթների ընթացքում Ներկայացուցիչների պալատը պետք է առաջադրի նախագծի իր տարբերակը։

Ըստ այս նախագծի՝ ԱՄՆ 2020թ. պաշտպանական ոլորտի ծախսերին նախատեսվում է հատկացնել 750 մլրդ դոլար։ Նախագիծը թույլատրում է, որ Պենտագոնը 94 միավոր F-35 կործանիչ գնի։ Նախատեսվում է՝ 60 միավոր՝ F-35A, 12 միավոր՝ F-35B և 22 միավոր F-35C տարբերակների գնում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում լարվածությունն սկսել է 2017թ. դեկտեմբերին ռուսաստանյան Ս-400 ՀՕՊ համակարգերի գործարքի պատճառով։ Այս համակարգերի Թուրքիա մատակարարումը նախատեսվում է հուլիսին։ Ըստ թուրքական աղբյուրների՝ մատակարարվելու է 36 արձակման կայան և 192 հրթիռ։ Այս գործարքով Թուրքիան ու Ռուսաստանը ունենալու են Ս–400-ների որոշ մասերի համատեղ արտադրություն։ 

ԱՄՆ-ն այս գործարքի համար հետաձգում է [1] Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ պնդելով, որ ռուսական համակարգն ու ամերիկյան կործանիչը չեն կարող միաժամանակ նույն երկրում լինել, քանի որ ռուսական համակարգերը կարող են հասկանալ տեխնիկական որոշ տվյալներ, որոնք թույլ կտան որսալ ամերիկյան կործանիչը։ 100 միավոր F-35-եր Թուրքիային պետք է մատակարարվեր այս տարվանից սկսած, սակայն փետրվարին ԱՄՆ–ն մատակարարումը հետաձգեց մինչև նոյեմբերի 1–ը։

Ամերիկյան կողմը մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, թե վերջինս ռուսական համակարգերը գնելու համար կարող է դուրս մնալ F-35-երի ծրագրից, կարող է վտանգվել վերջինիս դաշնակցությունը ՆԱՏՕ-ին և Անկարան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *