ԱՄՆ-ն պաշտոնապես մեր առջև որևէ ժամկետ չի դրել․ Թուրքիայի ԱԳՆ

Մայիսի 23-ին Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է նախօրեին ամերիկյան CNBC հեռուստաընկերության տարածած այն տեղեկությանը, թե «ԱՄՆ-ն Թուրքիային մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջ ժամանակ է տվել, որ նա հրաժարվի ռուսական Ս-400 համակարգերից», այլապես՝ պատժամիջոցների կենթարկվի ու դուրս կմնա ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից։

Փոխարտգործնախարարը պատասխանել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից պաշտոնական մակարդակով այդպիսի ուղերձ չի ստացել, փոխանցում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը․

«․․․ ԱՄՆ-ն Patriot-ների շուրջ մարտին կրկին առաջարկ է արել՝ նույն չբավարարող պայմաններով։ Այստեղ հիմնական նշվածը, կարծում ենք, որ դա էր»,- ասել է Քըրանը։

Քըրանը նաև նշել է, որ չնայած Թուրքիան հասկանում է ԱՄՆ անհանգստությունն, այնուամենայնիվ ԱՄՆ-ն էլ չպատասխանեց խնդրով զբաղվող տեխնիկական հանձնախումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկին։

Թուրք փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում որևէ փոփոխություն չի եղել ու իրենց օդաչուները շարունակում են ԱՄՆ-ում մարզումները։

Նշենք, որ երեկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ ամերիկյան կողմը մարտի 28-29-ին գնի, տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ արտադրության վերաբերյալ նոր պայմաններով առաջարկ է արել Patriot ՀՕՊ համակարգերի շուրջ։ Իսկ F-35-երից, ըստ նախարարի, երկու միավորը այս տարվա նոյեմբերին կմատակարարվեն Թուրքիա ու, ինչպես նախապես հայտարարվել է, կտեղակայվեն Մալաթիայի ավիաբազայում։

Բացի այդ Աքարը հայտարարեց, որ թուրք մասնագետները Ռուսաստանում արդեն սկսել են իրենց մարզումները Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի վերապատրաստումների համար և առաջիկա մի քանի ամիսն այնտեղ կմնան։

Հավելենք, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լարվել են 2017թ. դեկտեմբերին՝ ռուսաստանյան Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործարքի պատճառով։ Այս համակարգերի Թուրքիա մատակարարումը նախատեսվում է հուլիսին, սակայն թուրքական կողմը հայտարարում է, որ մատակարարումը կարող է նաև ավելի շուտ լինել։

Ըստ թուրքական աղբյուրների՝ մատակարարվելու է 36 արձակման կայան և 192 հրթիռ։ Այս գործարքով Թուրքիան ու Ռուսաստանը ունենալու են Ս–400-ների որոշ մասերի համատեղ արտադրություն։ 

ԱՄՆ-ն այս գործարքի համար հետաձգում է [1] Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ պնդելով, որ ռուսական համակարգն ու ամերիկյան կործանիչը չեն կարող միաժամանակ նույն երկրում լինել, քանի որ ռուսական համակարգերը կարող են հասկանալ տեխնիկական որոշ տվյալներ, որոնք թույլ կտան որսալ ամերիկյան կործանիչը։ 100 միավոր F-35-եր Թուրքիային պետք է մատակարարվեր այս տարվանից սկսած, սակայն փետրվարին ԱՄՆ–ն մատակարարումը հետաձգեց մինչև նոյեմբերի 1–ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *