Մայիսի 21–ին ռուսաստանյան «Տեխմաշ» ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Կոչկինը հայտնել է, որ ընկերությունը Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել, որով մինչև 2027 թվականը պետք է մատակարարի «Տորնադո–Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Կոչկինի խոսքով՝ երկարաժամկետ պայմանագրերն ունեն և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Երկարաժամկետ պայմանագրերի դեպքում արտադրող ընկերությունը ավելի հեշտ է պլանավորում արտադրանքի ծավալը, սակայն միևնույն ժամանակ ընկերությունը ֆինանսական կորուստներ է ունենում ավելացված արժեքի հարկի բարձրացման և արժեզրկման պատճառով։
Ռուսական բանակում «Տորնադո–Ս» ՀԿՌՀ–ի առաջին բրիգադը կազմավորվել է այս տարի՝ զգալիորեն շեղվելով նախապես հայտարարված ժամկետներից։
«Տորնադո-Ս» համակարգը «Սմերչ» ՀԿՌՀ-ի արդիականացրած տարբերական է, որն իր կազմում ընդգրկում է արդիականացված մարտական մեքենա և 300 մմ ռեակտիվ արկեր, որոնց թռիչքի առավելագույն հեռավորությունը 120 կմ է։ Առկա «Սմերչ» համակարգերը նախատեսվում է արդիականացնել մինչև «Տորնադո–Ս» մակարդակի։