ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչը

Այսօր՝ մայիսի 22–ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում խորհուրդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։

Այս մասին հայտնել է Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Այդարբեկովը հավելել է, որ առաջարկի համաձայն Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի 2020 թվականի հունվարի 1–ից։ Սակայն Զասի թեկնածությունը պաշտոնին դեռ պետք է հաստատվի աշնանը կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների զեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ–ն հայտնել է, որ նիստի ժամանակ ստորագրել են մի շարք փաստաթղթեր։

Բացի այդ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ստեղծվում է ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ, ինչը որոշակի ժամանակ է պահանջում։ Այլ մանրամասներ պաշտոնյան չի փոխանցել։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստ
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստ

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով պաշտոնից ազատվել է 2018 թվականի նոյեմբերին՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *