Միացյալ Նահանգները Ուկրաինային է փոխանցել ևս երկու միավոր
հակամարտկոցային պայքարի միջոց, մասնավորապես՝ HMMVW մեքենայի վրա տեղադրված AN/TPQ-36 ռադիոտեղորոշման կայան՝ նախատեսված հրետանային կրակի հետախուզման համար։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը։

Նշվում է, որ 2014-ից սկսած Ուկրիանան այս ռադարներից որպես օգնություն ստացել է 13 միավոր.
- 2-ը՝ 2015-ին,
- 4–ը՝ 2016-ին,
- 3–ը՝ 2017-ին,
- 2-ը՝ 2018-ին:
Վերոնշյալ ՌՏԿ-ները հակառակորդի վարած հրետանային կրակը կարող են արձանագրել մինչև 15 կմ հեռավորության վրա, համազարկային կրակի ռեակտի կայանների կրակը՝ մինչև 24, իսկ ականանետերինը՝ մինչև 18 կմ հեռավորության վրա։
ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի ընթացքում այդ երկրին օգնում է մարզումներով, անվճար մատակարարում է ոչ մահացու սպառազինություն. զրահամեքենաներ, հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր, ռադիոտեղորոշման կայաններ:
Նշենք, որ տևական ժամանակ ԱՄՆ–ն հրաժարվում էր Ուկրաինային վաճառել մարտական սպառազինություն, սակայն 2017-ին համաձայնեց Ուկրաինային Javelin հակատանկային համալիրներ վաճառել։