Ռուսաստանը MILEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Մայիսի 15–ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է MILEX_-2019 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկա է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։ Ստորև կներկայացնենք, թե ինչ զինտեխնիկա է ներկայացրել Ռուսաստանի պատվիրակությունը։

Ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ցուցահանդեսին մասնակցում են 8 ռուսական կազմակերպություն, այդ թվում՝ «Ալմազ–Անթեյը», «Ուրալվագոնզավոդը» և «Տեխմաշը»։ Ցուցահանդեսին Ռուսաստանը ներկայացել է 220 անուն զինտեխնիկայի նմուշով։ MILEX-2019–ին մասնակցում են նաև «Գերճշգրիտ համալիրներ», «Կուպոլ» և «Իրկուտ» ընկերությունները։

«Ռոսօբորոնէքսպորտի» տաղավարում կարելի է տեսնել «Տոռ Մ2ԿՄ», «ՕՍԱ–ԱԿՄ1», «Բուկ–Մ2Է» զենիթահրթիռային համակարգերը, Տ–90Ս տանկը, «ԲՄՊՏ» մարտական մեքենան, «Յակ–130» ուսումնամարտական ինքնաթիռը։ «Ալմազ–Անթեյ» ընկերությունը ցուցադրել է նաև «Տոռ Մ2Է» ԶՀՀ–ի ուսուցման համար նախատեսված մարզասարք։

Տոռ-Մ2ԿՄ ԶՀՀ-ն՝ հնդկական ԹԱԹԱ բեռնատարի շասսիի վրա
Տոռ-Մ2ԿՄ ԶՀՀ-ն՝ հնդկական ԹԱԹԱ բեռնատարի շասսիի վրա

Ցուցադրվել են նաև «Կոնկուրս–Մ» և «Կորնետ» հակատանկային միջոցները։ Ռուսաստանը արդեն ունի պայմանագրեր կապված «Կոնկուրս–Մ» և «Կորնետ» հակատանկային միջոցների հետ։ Մասնավորապես Բելառուսը գնել է «Կոնկուրս–Մ» հակատանկային հրթիռային համալիրներ, իսկ բելառուսական «Մինոտոր–սերվիս» և ռուսական «ԿԲՊ» ( Конструкторское бюро приборостроения) ընկերությունները համաձայնվել են բելառուսական «Վիտիմ» զրահամեքենաները հագեցնել ռուսական «Կորնետ» հակատանկային միջոցներով։

Ռուսաստանյան արտադրության ավտոտեխնիկայից ցուցահանդեսին ներկայացվել են «Տիգր–Մ» և «ԿամԱԶ» ընկերության արտադրած «Թայֆուն–Կ» զրահամեքենաները։ Հետաքրքիր նմուշներից է նաև «Ռոսէլեկտրոնիկա» հոլդինգի ներկայացրած «Անդրոմեդա–Դ» ավտոմատ կառավարման համակարգը։

Ռուսական Թայֆուն զրահամեքենան

«Կուպոլ» գործարանը ներկայացրել է «Ադյուտանտ» ուսումնամարտական համալիրը։ «Ադյուտանտը» թևավոր հրթիռ, ուղղաթիռ կամ անօդաչու ինքնաթիռ մարմնավորող թիրախ է։ Այս համակարգերի համար պետական փորձարկումները սկսելու են հուլիսից։ «Ադյուտանտը» կարող է օդում մնալ 4 ժամ և զարգացնել մինչև 200 մ/վ արագություն։

«Ադյուտանտ» ուսումնամարտական համալիր
«Ադյուտանտ» ուսումնամարտական համալիր

MILEX-2019 ցուցահանդեսին մասնակցելու են 30 երկրից 47 պաշտոնական պատվիրակություն և ներկայացված է լինելու 170 ընկերություն։ Ցուցահանդեսին մասնակցում է նաև Ադրբեջանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *