Մայիսի 14-ին Եղվարդում շարքից հանվել է ՀՀ ԶՈւ սպառազինությունից դուրս եկած 21 միավոր մարտական զրահապատ մեքենա: Ընդհանուր նախատեսվում է ևս 140 միավոր զրահատեխնիկայի ապամոնտաժում:
Այս մասին հայտնում է Shantnews լրատվակայքը:
Շարքից հանելը ենթադրում է ՀՀ ԶՈւ սպառազինությունից հանված հին, մաշված կամ արդեն անպիտան մարտական զրահապատ մեքենաների վնասազերծում, ապամոնտաժում և ապառազմականացում, ապա որպես մետաղաջարդոն՝ վաճառք:
Գործընթացը իրականացվում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի համաձայն և ՆԱՏՕ-ի «Գործընկերներ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Հայաստանին ապամոնտաժման հարցում օգնում է գերմանական կողմը:
Այդ առիթով Եղվարդում են եղել ՀՀ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ Գերմանիայից, ինչպես նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանը:
Նշենք, որ դեսպան Մաթիաս Քիսլեր հավելել է, որ ծրագրի շրջանակներում իրենք օժանդակելու են Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին բնակչության շրջանում ականների, դրանց վտանգների մասին իրազեկման և կրթության գործում:
Օժանդակությունը այս պարագայում անուղղակի է՝ Հայաստանին ապամոնտաժման հարցում գերմանական կողմը ֆինանսապես է օժանդակում: Շարքից հանված զրահատեխնիկայի մետաղաջարդոնների վաճառքից գոյացած գումարն էլ ուղղվելու է ականազերծման ոլորտի մարդասիրական ծրագրեր իրականացնելուն: