Իրաքն ԱՄՆ–ից վերջին 5 միավոր F-16 կործանիչն է ստացել

Մայիսի 3-ին Իրաքի «Բալադ» ավիաբազա են ժամանել ամերիկյան “Lockheed Martin Aeronautics” ընկերության արտադրանք F-16 կործանիչների վերջին խմբաքանակը՝ հինգ միավոր։

Այս մասին գրում է ռուսական մասնագիտացված «ԲՄՊԴ» բլոգը։ Ըստ աղբյուրի՝ այժմ Իրաքի ռազմաօդային ուժերն ունի 32 միավոր F-16 կործանիչ՝ պատվիրված 36-ից։ Երկու միավոր F-16 կործանվել են ԱՄՆ–ում ուսումնական թռիչքների ժամանակ, իսկ ևս երկուսը շարունակում են մնալ ԱՄՆ–ում, ըստ հեղինակի՝ ամենայն հավանականությամբ իրաքցի օդաչուների մարզումները շարունակելու նպատակով։ Այնուամենայնիվ, իրաքյան աղբյուրները նույնպես գրում են, որ սա կործանիչների վերջին խմբաքանակն էր։

Ամերիկյան F-16 կործանիչը Իրաքի Բալադ ավիաբազայում
Ամերիկյան F-16 կործանիչը Իրաքի Բալադ ավիաբազայում

Հիշեցնենք, որ F-16 կործանիչների գնման համար Իրաքի ու ԱՄՆ–ի միջև պայմանագրերը կնքվել են 2011թ. և 2012թ.։ Նախատեսվում էր մատակարարել 36 միավոր կործանիչ՝ 18–ական միավոր ունեցող երկու խմբաքանակով։ Յուրաքանչյուր խմբաքանակում պետք է լիներ 12 միավոր F-16C մեկտեղանոց ու 6 միավոր F-16D երկտեղանոց կործանիչներ: Գործարքը արժեր շուրջ 5,3 մլրդ ամերիկյան դոլար:

Այս մատակարարումները նախատեսված էր իրականացնել 2014–ի սեպտեմբերից մինչև 2017–ի ավարտը, սակայն առաջին խմբաքանակը՝ 4 միավոր, Իրաք հասավ միայն 2015թ. հունվարին։

2003թ–ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի Իրաքի դեմ պատերազմից հետո Իրաքի ավիապարկը լիովին ոչնչացվեց։ Այդ պատճառով F-16-ը պետք է լիներ պատերազմից հետո Իրաքի ՌՕՈւ առաջին կործանիչը, բայց քանի որ դրանց մատակարարումները հետաձգվում էին, Իրաքը 2014թ. հունիսին, ԻՊ–ի դեմ պայքարելու համար, արագացված ռեժիմով գնեց ռուսական արտադրության Սու–25 գրոհիչ ինքնաթիռներ։

Հավելենք, որ F-16 կործանիչը շահագործման է հանձնվել 1978-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 100 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 200 մետր է։ Սպառազինությունում այն ունի 20 մմ-անոց մեկ հրանոթ, «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասի և հականավային հրթիռներ, ինչպես նաև ռումբեր՝ լազերային նշանառությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *