Օրվա ամփոփում. 4 հայ գերի այլևս Ադրբեջանում չէ: Դիպուկահար Մարինեն պատրաստ է խաղաղություն պահպանել

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով ընթացող դատաքննության ժամանակ նույն զորամասի խոհարար Արման Մնացականյանն այսօր ցուցմունք է տվել և հակասել քննության եզրակացությանը: ՀՀ ՊՆ-ի տվյալներով՝ այս տարի Ադրբեջանը վերադարձրել է մեկ հայ գերու, երեքին փոխանցել երրորդ երկիր: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար Մովսես Հակոբյանն անդրադարձել է Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը: Սեյրան Օհանյանը կենտրոնական հավաքակայանում զրուցել է զորակոչիկների և նրանց ծնողների հետ, նախարարությունում՝ ընդունել զինվորական ծառայության ժամանակ մահացած Տիգրան Օհանջանյանի մորը՝ Գոհար Սարգսյանին: Իսկ մեկ այլ հրապարակումից պարզ է դառնում, որ հայ աղջիկները բավական հետաքրքված են դիպուկահարի աշխատանքով:

  • «ԶՈՒ-ի պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանը զոհվել է ոչ թե 2010թ հուլիսի 27-ին, ինչպես դատափորձաքննկան մարմինն էր հաստատել, այլ հուլիսի 26-ին»,- Շենգավիթի վարչակական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննության ժամանակ հայտարարել է շարքային զինծառայող Արման Մնացականյանը: Դատական նիստը կշարունակվի վաղը: Թեման նաև՝ news.am, lragir.am լրատվական կայքերում:
  • ՊՆ տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներից տարվա ընթացքում Հայաստան է վերադարձել Արթուր Բադալյանը, ևս երեք հայ ռազմագերիների ադրբեջանական կողմը ուղարկել է երրորդ երկիր: 2011թ ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել մեկ ռազմագերու, ևս մեկին էլ ուղարկել է երրորդ երկիր: Թեման նաև՝ tert.am, panorama.am կայքերում:
  • «Մենք հետեւում ենք Ադրբեջանում իրականացվող ռազմականացման գործընթացին եւ լրջորեն գնահատում նրա հնարավորությունները: Բայց ինչպես մեր բանակի ստեղծման առաջին օրից, այնպես էլ այժմ, երբեւէ չենք փորձում ուժային հավասարակշռությունը պահպանելու նպատակով կրկնօրինակել նրա քայլերը: Մենք ունենք մեր մարտավարությունը եւ դրանով պայմանավորված հնարավորությունները, որոնց իրական գնահատականը կտա մարտադաշտը»,- անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը՝ ասել է Մովսես Հակոբյանը:
  • Պաշտպանության նախարարը զրուցել է զորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ եւ մաղթել բարի ծառայություն: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին, իսկ նախարարությունում ընդունել է Գոհար Սարգսյանին և քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանին հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել նախաքննության վերաբերյալ Գոհար Սարգսյանի դիտարկումները և մինչև 2012թ. հունվար ամսվա վերջ ներկայացնել արդյունքները:

Վերջում մեջբերեմ մի հատված դիպուկահար 19-ամյա Մարինեի հարցազրույցից.

«Ես կարծում եմ՝ առաջին հերթին սպան, հրամանատարը պիտի լավ ճանաչի իր զինվորին. յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է պետք, հրամանատարը պիտի այնպիսին լինի, որ զինվորը կիսվի իր հետ ու եթե պարզվի, որ նրա ոգեղենությունն այս անգամ բավարար չէ, չպետք է նրան դիրքեր բարձրացնի, թույլ ոգով չենք կարող հաղթել»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *