Մինչև տարեվերջ Ռուսաստանը կստանա նախորդ տարի «Բանակ–2018» ֆորումի շրջանակներում կնքված պայմանագրով նախատեսված 6 միավոր ՄիԳ–35 կործանիչներից 4–ը։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հավելելով, որ մյուս 2 միավոր կործանիչները պաշտպանական գերատեսչությունը արդեն ստացել է։ Ամենայն հավանականությամբ 2 միավոր ՄիԳ–35 կործանիչները ռուսական բանակը ստացել է 2018 թվականի ընթացքում։
Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրների, նախատեսվում է արտադրողի հետ կնքել պայմանագիր, որով տարեկան կմատակարարվի ամենաքիչը 6 միավոր ՄիԳ–35։ Հստակ տեղեկություն, թե քանի միավոր կործանիչ է պատրաստվում ձեռք բերել Ռուսաստանը, դեռևս չկա։
2017 թվականին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտարարել էր, որ առաջին խմբաքանակով կործանիչների քանակը կլինի 30 միավոր։
ՄիԳ 35-երի մշակումը սկսվել է 2000-ականների երկրորդ կեսերից։ Առաջին թռիչքը եղել է 2007 թվականին։ Ինքնաթիռը կարող է զարգացնել 2400 կմ/ժ արագություն։ Զինված է «ԳՇ-30-1» 30 մմ տրամաչափի թնդանոթով, «օդ–օդ», «օդ-մակերևույթ», հականավային հրթիռներով։ Ի վիճակի է բարձրացնել մինչև 6,5 տոննա սպառազինություն։