Ադրբեջանի ՊՍԾ պետը կրկին ստուգել է առաջնագծում տարվող աշխատանքները

Մայիսի 7-ին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետ գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը այցելել է Աղստաֆայի (Աղստև) շրջանում տեղակայված զորամասեր։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՍԾ պաշտոնական կայքը։ Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Գուլիևը ուսումնասիրել է ՀՀ սահմանի հետ շփման գծում ստեղծվող ենթակառուցվածքների համար տարվող աշխատանքները։

Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է Պետական սահմանապահ ծառայությանը պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին։ Սահմանապահները մարտական հերթապահության էին անցել հոկտեմբերից, իսկ պատրաստական աշխատանքները սկսել էին դեռ օգոստոսից:

ՊՍԾ պետ Ղուլիևը մարտի 27-ին ևս ստուգել էր Ղազախի և Աղստաֆայի շրջանների առաջնագծում տարվող շինարարական աշխատանքները։ Մինչ այդ՝ մարտի 26-ին արբանյակային լուսանկարներով ներկայացրել էինք սահմանի այդ հատվածում տարվող ինժեներաշինարարական աշխատանքները և պարզել, որ ադրբեջանական կողմը 2018թ. հոկտեմբերից սկսած ինժեներաշինարարական աշխատանքներ է կատարել սահմանի ամենահյուսիսային կետից մինչև Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլու գյուղ հատվածի առնվազն 17 կետում: Ջաֆարլուից հարավ նման աշխատանքներ չենք արձանագրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *