Սու-57 կործանիչը ռուսական բանակը կհամալրի նոյեմբերին

5-րդ սերնդի առաջին սերիական Սու-57 կործանիչը Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը կստանան 2019 թվականի նոյեմբերին, երկրորդ կործանիչը՝ 2020 թվականին։

Այս մասին, սեփական աղբյուրին հղում անելով, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Սու–57–երի մատակարարման պայմանագիրը կնքվել է 2018 թվականի օգոստոսի 22–ին։ Հնարավոր է 2020 թվականին կնքվի երկրորդ նման պայմանագիրը։

Սու–57 կործանիչի հայտարարվող հիմնական մարտավարատեխնիկական բնութագիր.

  • Անձնակազմ – 1 հոգի
  • Առավելագույն արագություն – 2600 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն երկարություն – 5500 կմ
  • Թռիչքի առավելագույն տևողություն – 5.8 ժամ
  • Արագամբարձություն – 330 մետր/վրկ
  • Գործնական բարձրահասություն – 20 կմ
  • Առավելագույն թռիչքային քաշ – 35480 կգ
  • Առավելագույն մարտական բեռնվածք – 10000 կգ

Սու-57-ը ռուսաստանյան արտադրության նոր սերնդի կործանիչ է: Կործանիչի առաջին թռիչքը իրականացվել է 2010 թվականին: 2010-2017 թթ. ընթացքում արտադրվել է 10 միավոր Սու-57 (Տ-50) կործանիչ, այդ թվում 3 միավորը ստեղծվել է 2017 թվականին:

Ռուսաստանը Սու–57 կործանիչի համատեղ արտադրության ոչ այնքան հաջող փորձ ունի Հնդկաստանի հետ։ 10 մլրդ դոլար գնահատվող այս նախագիծը հնդկական կողմը սառեցրել է դեռ 2018թ. ամռանը։ Բացի այդ, Սու–57 կործանիչների գնումով Թուրքիան սպառնում է ԱՄՆ–ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *