Մայիսի 6–ին «Հայաթ Թահրիր ալ–Շամ*» խմբավորման զինյալները 2 անգամ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով հարվածել են Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազային։ Ռուսական ՀՕՊ միջոցները որսացել են հրթիռները։ Զոհեր չկան, ավիաբազայի տարածքին նույնպես վնաս չի պատճառվել։
Այս մասին հայտնում է «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» (ռուս․՝ «Центр по примирению враждующих сторон») ղեկավար Վիկտոր Կուպչիշինը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։
Կուպչիշինի հաղորդմամբ՝ զինյալները ընդհանուր առմամբ օգտագործել են 36 միավոր ռեակտիվ հրթիռ, իսկ գրոհայինների հարվածային դիրքերը հայտանբերվել և ոչնչացվել են ավիացիայի միջոցով և սիրիական բանակի օգնությամբ։
Հավելենք, որ ապրիլ ամսվա ամփոփման ժամանակ ռուսական կողմը հայտարարել էր, որ զինյալները 12 անգամ հարվածել են ավիաբազային՝ օգտագործելով ԱԹՍ–ներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
*2017թ. փետրվարին «Ալ–Նուսրա» խմբավորումը լուծարվել է և դրա անդամները ստեղծել են «Հայաթ Թահրիր ալ–Շամը»։