2013թ-ից ՆԱՏՕ դաշնակիցներն ուժեղացնում են Թուրքիայի օդային պաշտպանությունը․ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու հյուսիսատլանտյան խորհրդի համաժողովին, ինչպես նաև առանձին հանդիպելու է Թուրքիայի նախագահին ու արտգործնախարարին։ Մինչ Անկարա հասնելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում հարցազրույց է տվել թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը, պատասխանելով Թուրքիայի Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման համար հասունացած կոնֆլիկտի վերաբերյալ մի քանի հարցի։

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմական գնումներ կատարելու որոշումները կայացնում են ազգերը, բայց ՆԱՏՕ-ի գործողություններն ու առաքելությունները կատարելու համար դաշնակից երկրների փոխգործակցությունը հիմնարար սկզբունք է։

«Մենք նաև պետք է հիշենք, որ 2013թ-ից ՆԱՏՕ դաշնակիցներն ուժեղացնում են Թուրքիայի օդային պաշտպանությունը։ Իսպանիան ու Իտալիան Թուրքիայի հարավային սահմանի մոտ տեղակայել են հրթիռային համալիրներ։ Նրանց «Patriot» և «SAMP-T» համակարգերն օգնում են պաշտպանել Թուրքիային Սիրիայի սահմանից եկող հրթիռներից։ Առաքելությունը կարևոր է և ՆԱՏՕ դաշնակիցները հավատարիմ են դրան»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Գործակալության նկատառմանը, որ Ս-400-ների շուրջ քննարկումները հասարակության մեջ հարցականի տակ են դրել ՆԱՏՕ-ի աջակցությունը Թուրքիայի պաշտպանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը, Ստոլտենբերգը պատասխանել է, որ ՆԱՏՕ անդամները մշտապես աջակցում են Թուրքիային, եթե նա ունի անվտագության խնդիրներ։

Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռները շարունակում են պարեկությունը Թուրքիայում, ինչը թույլ է տալիս մշտադիտարկել Թուրքիայի օդային տարածքի խախտումները։ Ստոլտենբերգը հավելել է, որ Թուրքիային ՆԱՏՕ-ի աջակցության մասին են խոսում դաշնակիցների կոալիցիոն գործողություններն ընդդեմ ԻՊ-ի, Իրաքում իրականացվելիք նոր զորավարժությունները և Սև ծովում անվտանգության պահպանման հնարավոր գործողությունների փաթեթի մշակման վերաբերյալ անցած ամիս կայացրած որոշումը։

Հիշեցնենք, որ 2017թ․ դեկտեմբերին Թուրքիան ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի վաճառքի վերաբերյալ, որոնք նախատեսում են Թուրքիա մակատարարել այս տարվա հուլիսին։

Գործարքից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ են արտահայտվել դրան, պնդելով, որ ռուսական ՀՕՊ համակարգը չի համապատասխանում ՆԱՏՕ ստանդարտներին։ Դրա փոխարեն Թուրքիային որպես այլընտրանք է առաջարկվում ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը, սակայն Թուրքիան հայարարում է, որ առաջարկվող գործարքի պայմաններն իրեն հարմար չեն։ Բացի այդ՝ ԱՄՆ-ն հետաձգում է Թուրքիային մատակարարել ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչները։

Ամերիկյան կողմը երբեմն հայտարարում է, որ եթե Թուրքիան չհրաժարվի ռուսական համակարգերից, նրան կարող են սպառնալ ամերիկյան պատժամիջոցներն ու կվտանգվի ՆԱՏՕ-ին անդամակացությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *