Մայիսի 6–ին Վրաստանում մեկնարկել է LОGDEV-2019 հրամանատարաշտաբային լոգիստիկ դասընթացը, որին մասնակցում են 12 երկրների 130 ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվուն են նաև Ադրբեջանն ու Ուկրաինան։
Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը։ Դասընթացն անցկացվելու է Վրաստանի ԶՈւ 4–րդ մեխանիզացված բրիգադի մշտական տեղակայման վայր Վազիանիում և տևելու է մինչև մայիսի 17–ը։
Միջոցառման բացման արարողությանը ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան, ԱՄՆ միացյալ շտաբի ներկայացուցիչ Սթիվեն Մեթսոնը։
Դասընթացի հայտարարվող նպատակը Վրաստանի և մասնակից այլ երկրների բանակների նյութատեխնիկական ապահովման մակարդակի բարձրացումն ու ՆԱՏՕ–ի ստանդարտներին համապատասխանեցնելն է։ Բացի Վրաստանից, Ադրբեջանից ու Ուկրաինայից միջոցառմանը մասնակցում են ԱՄՆ–ն, Մակեդոնիան, Ալբանիան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Սերբիան, Ֆինլանդիան և Խորվաթիան։