Թուրքական BMC ընկերությունը ներկայացրել է «Ալթայ» Т1 տանկի նախատիպը

Ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ստամբուլում կայացած IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին թուրքական BMC ընկերությունը տեղական արտադրության Altay T1 տանկերի սերիական արտադրության պայմանագիր է կնքել մասնակից մյուս ընկերությունների, այդ թվում՝ թուրքական Aselsan, Roketsan, MKEK և Havelsan ընկերությունների հետ։ Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացրել է նաև տանկի նախատիպը։

Aselsan ընկերության հետ կնքվել է 840,9 մլն եվրոյի (մոտ 942 մլն դոլար 2019թ․ մայիսի 6-ի փոխարժեքով) պայմանագիր, ըստ որի՝ սարքավորումների մատակարարումներն Aselsan-ը պետք է իրականացնի 2020-2026թթ․ ընթացքում։ Aselsan-ը պետք է ապահովի թուրքական տանկի կրակային ու ակտիվ պաշտպանական համակարգերը։ Տանկի վրա կտեղադրվի Aselsan-ի «Աքքոր» կոչվող պաշտպանական համակարգը։

Թուրքական BMC ընկերությունը ներկայացրել է «Ալթայ» Т1 տանկի նախատիպը
Թուրքական BMC ընկերությունը ներկայացրել է «Ալթայ» Т1 տանկի նախատիպը

Մյուս՝ Roketsan ընկերությունը, ըստ գործարքի, պետք է ապահովի բալիստիկ պաշտպանական համակարգը։ MKEK-ը ներկայացնելու է «Ալթայ» տանկի կրակային համակարգը, իսկ Havelsan-ը՝ տանկի և ենթահամակարգերի սիմուլյատորները (վարժասարքեր)։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության և թուրք-կատարական BMC ռազմարդյունաբերական ընկերության միջև «Ալթայ» տանկերի սերիական արտադրության պայմանագիրը կնքվել է 2018թ. նոյեմբերի 9-ին։

Ըստ պայմանագրի՝ նախատեսվում է արտադրել տանկի երեք՝ T1, T2, T3 տարբերակ։ Ընկերությունը պետք է արտադրի 250 միավոր «Ալթայ» տանկ, որից 40–ը T1 տեսակի, 210-ը՝ T2, ևս մեկը՝ T3 տեսակի։

T1 տարբերակը տանկի մինչ այսօր ներկայացված նախատիպերին համապատասխան է ու հնարավոր է Թուրքիայի զինված ուժերին մատակարարվի 2020թ․` պայմանագրի կնքումից 18 ամիս անց։ T2 տեսակը ապահոված է լինելու ավելի բարձր անվտանգությամբ և իրավիճակի իրազեկման կատարելագործված համակարգերով։ Նախատեսվում է T2 տեսակի տանկերը մատակարարել T1–ի ձեռքբերումից կարճ ժամանակ անց։ T3 տեսակի ընդամենը 1 միավոր տանկը կունենա առանց օպերատորի աշտարակ և ամրակցված մասով ինքնալիցքավորիչ։ T3 «Ալթայ»–ը հավանաբար չի մատակարարվի Թուրքիայի զինված ուժերին, այլ պարզապես կօգտագործվի փորձարկումների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *